Էտի օգուտն ու վնասը (տեսանյութ)
Ինչպե՞ս ճիշտ էտել ծառերը, որպեսզի դրանք չվնասվեն ու նաև բարձրանա բերքատվությունը։ «Մեկ հեկտար տարածք զբաղեցնող այգում պետք է 2500 ծառ տնկված լինի։ Էտի ժամանակ հեռացվում են չորացած, թույլ, հիվանդ ճյուղը կամ շիվը։ Այդպես բարելավում է օդափոխությունը, լուսավորության պայմանները։ Երիտասարդ ծառերի չափավոր և ճիշտ էտի միջոցով կարելի է արագացնել պտղաբերության անցնելու ժամկետը»,- ասում է Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Դավիդե Ներին։ Նա Կոտայքի մարզի Ալափարս գյուղում է՝ ֆերմերներին ներկայացնելու մշակաբույսերի էտի ու ձևավորման սեփական փորձը։ Իսկ դրա կարիքը նրանք ունեն։ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը նշում է. «Ոչ քիչ դեպքերում կատարվում է սխալ էտ կամ ոչ ճիշտ էտ, որը բարձր արդյունք չի ապահովում»։ Դասընթացը պետք է անցկացվեր ժամանակակից չափանիշներով հիմնադրված խնձորի այգում, որը հագեցված է կաթիլային ոռոգման համակարգով և հակակարկտային ցանցով: Սակայն ցեխի պատճառով առաջ գնալ պարզապես հնարավոր չէր։ Էտի ճիշտ տեխնիկային զուգահեռ՝ ֆերմերները պետք է նաեւ ուսումնասիրեն ու հասկանան՝արդյոք այդ պտղի բերքը ամբողջությամբ կիրացվի։ «Պետք է արտադրությունը վարել շուկայի պահանջներին համընթաց։ Եթե շուկայի պահանջները չեն բավարարում հետևաբար՝ այդ ոլորտը չի կարող արդյունավետ լինել»,- կարծում է Գառնիկ Պետրոսյանը: Վերջին տարիներին հայ ֆերմերները սկսել են օգտագործել գյուղատնտեսական առաջավոր տեխնոլոգիաներ։ «Կա փորձի պակաս, կա հմտությունների պակաս, կա գիտելիքի կարիք և դա է պատճառը, որ հաճախ մենք դիմում ենք մեր արտասահմանյան գործընկերներին»: Պտղատու մշակաբույսերի և էտի ձևավորման դասընթացն անցկացվում է Հայաստանի երեք մարզերում՝ Եվրոպական միության և ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակում։