Գազի գինը քաղաքական հարց է (տեսանյութ)
Մեծ է հավանականությունը, որ ռուսական գազը Հայաստանի համար առաջիկայում կէժանանա։ Սա օրակարգային կլինի նաեւ ապրիլին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեվի ու Սերժ Սարգսյանի երևանյան հանդիպման ժամանակ։ «Վարչապետ Մեդվեդևի Հայաստան այցելության միգուցե կարևորագույն ձեռքբերումներից, պայմանավորվածություններից մեկը կլինի հենց սահմանի վրա գազի գնի իջեցման խնդիրը»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Գազի գինը քաղաքագետները համարում են քաղաքական որոշում։ Արմեն Մանվելյանը նշում է. «Գազի գինը քաղաքական արժեք ունի, դա է պատճառը, որ Գազպրոմը գազը ավելի թանկ վաճառում է Լեհաստանի վրա, քան Գերմանիայի, զուտ իր քաղաքական շահերից ելնելով, քաղաքական խնդիրներ է լուծում»։ Քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ավելացնում է. «Չեմ կարծում, որ Ռուսաստանի գազ մատարակարարումը Հայաստանին և մնացած բոլոր հետխորհրդային երկրներին ունի որևէ իրական կապ տնտեսական հաշվարկների հետ։ Դա քաղաքական և աշխարհաքաղաքական ռեսուրս է»։ Հայաստանին ռուսական գազի յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը մատակարարվում է 165 դոլարով։ Անցած տարի Ռուսաստանը նվազեցրեց գազի գինը, սակայն շարքային սպառողը չզգաց։ Այս անգամ հնարավոր է զգա։ «Ձեռանարկատերերին, ինչպես նաև բնակչությանը մանրածախ գինը կարծում եմ պետք է իջնի։ Ինչու՝ ԵՏՄ կարևորագույն խաղացողներից մեկը՝ Ռուսստանը թերևս պակաս շահագրգռված չէ նրանով, որ հայկական տնտեսությունը ոտքի կանգնի, որովհետև դա իրենց էլ է պետք»,- ասում է Խոսրով Հարությունյանը։ Հայաստան-Իրան գազամուղը հնարավորություն է տալիս տարեկան 2.3 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազ ներկրել Հայաստան, մինչդեռ այսօր օգտագործվում է դրա 15%-ը միայն։ Պարոն Հարությունյանը նշում է. «Ես չեմ կարծում, որ Հայաստանի համար կամ Հայաստանի խաթեր Իրանը պատրաստ կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունները սրել։ Եթե Իրանին ձեռնտու լիներ, որ նա անպայման պետք է ունենա 2 անգամ մեծ տրամագծի գազամուղ, կբանակցեր ինքը Ռուսաստանի հետ»։ Ըստ մասնագետների նախնական գնահատականների՝ գազի գնի 12% իջեցման դեպքում շարքային սպառողների համար այն կարող է նվազել մինչև 10 դրամով՝ կազմելով 146 դրամ մեկ խմ-ի դիմաց։ Խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը կլինի 260 դոլար՝ ներկայիս 272 դոլարից 1000 խմ-ի դիմաց։