Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպացիների տվյալները ՀՀ մասին խիստ տարբեր են պաշտոնականից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
86e7a5dbc03d920eb831aec716d33315

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին «Եվրանեսթ» ԽՎ-ի 5-րդ լիագումար նիստի աշխատանքների մանրամասները: ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, անդրադառնալով քաղաքական հարցերի հանձնաժողովում նախապատրաստված զեկույցներին, նշեց, որ դրանից մեկում եղել են հակասական դրույթներ, եւ հայկական պատվիրակությունը ունեցել է վերապահումներ. «Եղել է ուղիղ ԼՂ խնդրին վերաբերյալ առաջարկություններ, որոնք հակասում էին Հայաստանի շահերին, սակայն գործը վետոյին չհասավ. բանակցությունների արդյունքում առաջարկի հեղինակները հետ վերցրեցին իրենց առաջարկները կանոնակարգին համապատասխան: Ընդհանուր առմամբ ընդունված բոլոր չորս զեկույցները բխում էին Հայաստանի ընդհանուր շահերից: Դրանցում չեն եղել խնդիրներ, որոնք որոշակի անընդունելի երանգներ են ունեցել, եւ դրանք հայկական պատվիրակության կողմից ընդունելի են եղել»: «Եվրանեսթ»-ի տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքների մասին խոսեց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Նա զեկույց է ներկայացրել ՓՄՁ-ների մասին, սակայն այն տվյալները, որոնք ունեին եվրոպացիները, վեց անգամ տարբերվել են Հայաստանի վիճակագրական տվյալներից. «Նման թվերով հնարավոր չէ երկիր կառավարել»: Պատվիրակության անդամները նաեւ նշեցին, որ չնայած Բրյուսելում ստեղծված արտակարգ վիճակին, «Եվրանեսթ»-ի աշխատանքները չխաթարվեցին: Հայկական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, նշեց, որ ապրիլին «Եվրանեսթ»-ի գործընկերները ցանկանում են մեկնել Ադրբեջան՝ նրանց կոչ անելու՝ վերադառնալ «Եվրանեսթ»-ի շրջանակ»: Իսկ Արտակ Զաքարյանն իր կողմից ավելացրեց, որ Ադրբեջան մեկնող «Եվրանեսթ»-ի գործընկերներին կոչ է արել՝ որեւէ խոստում չտալ հակամարտության կարգավորման հետ կապված. «Նաեւ ուզում եմ ավելացնել, որ հայկական պատվիրակությունը դեմ է այն շանտաժներին, որոնք ադրբեջանական կողմը իրականացնում էր «Եվրանեսթ»-ի շրջանակներում»: Ի դեպ, այս տարի աշնանը «Եվրանեսթ»-ի տնտեսական հանձնաժողովի նիստը տեղի կունենա Երեւանում: Առաջին անգամ «Եվրանեսթ»-ի շրջանակներում անցկացվել է կանանց հիմնադիր ֆորում, որին մասնակցել է ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, որը հայկական պատվիրակության անդամ չէ: Արտակ Զաքարյանի ներկայացմամբ՝ նա «Եվրանեսթ»-ին մասնակցել է հյուրի կարգավիճակով, հենց նրանց ֆինանսավորմամբ  ու ունեցել է հետաքրքիր ելույթ. «Նրա մասնակցությունը շատ արդյունավետ էր հատկապես  սոցիալական ու մշակութային հարցերի առումով»: Թեւան Պողոսյանն իր կողմից նաեւ ավելացրեց, որ այդ ֆորումին հիմնականում խոսվել է Նադեժդա Սավչենկոյի մասին. «Շուշան Պետրոսյանը միակն էր, որ վեր կացավ ու խոսեց չճանաչված տարածքներում կանանց իրավունքների մասին: Այժմ, ինչպես տեղեկացա Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից, նա մեկնել է Մոսկվա՝ բարեգործական համերգի՝ ԼՂՀ մարտական հենակետերի կահավորման համար»: