«Բանակցություններից հետո՝ փողոց» (տեսանյութ)
«4+4+4» ֆորմատի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Ստեփան Դանիելյանը համոզված է, որ բանակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ մի քայլ չի նահանջի քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակումը մերժելուց: Բայց բանակցել պետք է. «Եթե դա չլինի, ապա գործող իշխանությունները կշարունակեն նույն պնդումները, որ իրենք պատրաստ են զիջումների, սակայն իրենց հետ ոչ ոք երկխոսության չի գնում»։ Սերժ Սարգսյանն, ըստ նրա, մի քանի հարյուր հազար քվե է կեղծում ընտրացուցակներով, ինքը դրանից չի հրաժարվի, բայց բանակցությունները նրան էլ են պետք՝ որպեսզի ցույց տա, որ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ երկխոսության մեջ է. «Ես կարծում եմ, որ պետք է այդ բանակցությունները տեղի ունենան, եւ քաղաքացիական հասարակությունը եւ մյուս ընդդիմադիր կուսակցություններն ուղղակի ֆիքսեն, որ սկզբունքային հարցերի շուրջ գործող իշխանությունը պատրաստ չի գնալ զիջման»: Սակայն բանակցող ընդդիմությունը եւ քաղաքացիական հասարակությունն իշխանության անզիջում կեցվածքը ձեւակերպելուց հետո պետք է կատարի հաջորդ քայլը՝ դուրս գալ փողոց եւ փողոցից ստիպել օրենքում մտցնել ընտրացուցակների հրապարակումը. «Իշխանության հարցը լուծվելու է ոչ թե 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այլ լուծվելու է մոտակա ամիսների ընթացքում։ Եթե այդ պահանջի համար զանգվածային միջոցառումներ տեղի ունենան, եւ հանրությունը ցույց տա, որ ինքը այդ պահանջը մինչեւ վերջ տանելու է, ապա 2017-ի իշխանափոխության հարցը կլուծվի այս մոտակա ամիսների ընթացքում»: Եթե ընդդիմությունը առաջիկա ամիսներին իշխանությանը չկարողանա ստիպել Ընտրական օրենսգրքում ձեւակերպել քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակումը, հաջորդ տարվա ընտրություններից հետո Հայաստանը կունենա ավելի վատ իշխանություն, քան այսօրվանն է: Իր հերթին Ստեփան Դանիելյանը ֆորմատի բանակցություններում կավելացներ եւս մեկ հարց. «Չափազանց կարեւոր հարց է, որ կուսակցական ցուցակները կազմվեն գոնե համագումարի ժամանակ փակ գաղտնի քվեարկություններով լրագրողների մասնակցությամբ: Դա կարեւոր է, որպեսզի կուսակցություններում իշխանությունն անցնի կուսակցականներին, այլ որ թե մեկ կամ մի քանի մարդու»: Բոլոր դեպքերում, ըստ քաղաքագետի, բանակցությունները տապալված են, փոխարենը իշխանությունը կգնա կոսմետիկ եւ անէական զիջումների: Ընդդիմությունը դրանից հետո պիտի իմանա իր անելիքը: