Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրություն կա

Հասարակություն
80fd08f7a78d08f3fc9768275258eb58

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր  ամփոփվել են   միջպետական համաձայնագրերի շրջանակներում 2016-2017 ուսումնական  տարվա  Չինաստանի, Բուլղարիայի,  Ռումինիայի,  Լեհաստանի,  Վրաստանի և  Հորդանանի  բարձրագույն ուսումնական հաստատություններում  բուհական և հետբուհական կրթություն ստանալու նպատակով  հայտարարված մրցույթների արդյունքները: Միջոցառմանը ներկա են եղել երեք կրթական աստիճաններով՝  բակալավրի,  մագիստրոսի և ասպիրանտի կրթական ծրագրերի մրցույթների  համար դիմած և դրական միավորներ ստացած  դիմորդները:

Շնորհավորելով և հաջողություն մաղթելով մրցույթում հաղթած բոլոր դիմորդներին` ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշել է, որ համաձայն կառավարության որոշմամբ հաստատված համապատասխան կարգի՝ միջպետական համաձայնագրով նշված երկրների բուհեր ընդունված արական սեռի ուսանողներին տարկետման իրավունք տրվում է բուհերի վարկանիշավորման համաշխարհային սանդղակներում ընդգրկված առաջին 500 բուհերի սովորողներին, ինչպես նաև պետության կողմից գերակայություն հռչակված ուղղության մասնագիտությունների  համար:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս տարի ևս Չինաստանի բուհերում սովորելու համար արձանագրվել է դիմորդների բարձր մասնակցություն, որը, ըստ Կարինե Հարությունյանի, վկայում է հայ երիտասարդների` Չինաստանի մշակույթին ու քաղաքակրթությանը ծանոթանալու և չինական բուհերում սովորելու մեծ հետաքրքրության և ձգտման մասին: Նախարարի տեղակալի խոսքով` ավելի մեծ թվով դիմորդներ ցանկություն են հայտնել սովորել մագիստրատուրայում, ավելի քիչ` ասպիրանտուրայում: Կարինե Հարությունյանը նաև  հորդորել է արտերկրում կրթվելու իրավունք ստացած հայ երիտասարդներին հիշել, որ իրենք արտասահմանյան բուհերում ներկայացնելու են Հայաստանի Հանրապետությունը, մեր երկրի կրթական համակարգն ու հայ երիտասարդությանը։

Նշենք, որ այս տարի Չինաստանի բուհերում սովորելու համար հատկացվել է 16 տեղ /10՝ բակալավր, 2` մագիստրոս, 4 ասպիրանտ/,  Բուլղարիայի բուհերում սովորելու համար հատկացվել է 4 տեղ /2՝ բակալավր, 2 մագիստրոս/, Ռումինիա՝ 8  /3 բակալավր, 3 մագիստրոս, 2 ասպիրանտ/, Լեհաստան՝ 6  /2 բակալավր, 2 մագիստրոս, 2 ասպիրանտ/, Վրաստան և  Հորդանան` համապատասխանաբար 10  և  25  մագիստրոսական:

ԿԳՆ