Որ մարզերում են լեյշմանիոզի օջախները (տեսանյութ)
Մարտի սկզբին «Նորք» ինֆեկցիոն կլինիկայում 9-ամսական փոքրիկի մահը լեյշմանիոզից ցնցեց շատերին: Այս տարվա ընթացքում Հանրապետությունում արդեն գրանցվել է լեյշմանիոզի յոթ դեպք։ Բարեբախտաբար մյուսները մահացու չէին։
«Հիվանդությունը հիմնականում ախտահարում է 0-5 տարեկան երեխաներին, սակայն հնարավոր է նաեւ ավելի ավագ հասակում: Հիվանդությունը բերում է երեխայի օրգանիզմի իսպառ հյուծման, արյան համակարգի լուրջ ախտահարումների, կարող են ծագել ծայրահեղ ծանր՝ արյունահոսություններ, որոնցից երբեմն հնարավոր չի լինում փրկել բալիկներին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի առաջին բաժանմունքի վարիչ Հռիփսիմե Ապրեսյանը:
Լեյշմանիոզը սուր վարակիչ հիվանդություն է, որը մարդուն փոխանցվում է մլակների խայթոցի միջոցով, իսկ մլակներն իրենց հերթին վարակը վերցնում են շներից:
«Մլակների ակտիվությունը համապատասխանում է մայիսից մինչեւ հոկտեմբեր ընկած ժամանակահատվածին, այսինքն՝ մլակը կարող է խայթել այս շրջանում, սակայն, քանի որ հիվանդության գաղտնի շրջանը երկար է՝ կարող է տեւել 8 շաբաթից մինչեւ 1 տարի, հիվանդությունը հանդիպում է տարվա բոլոր եղանակներին»:
Լեյշմանիոզի նախանշանները կարող են թեթեւ լինել՝ ախորժակի վատացում, ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում… Ու քանի որ հիվանդությունը ուշ է բացահայտվում, կարեւոր են կանխարգելիչ գործողությունները. «Քանի որ հիմնական աղբյուրը հանդիսանում են կենդանիները, շները, շնազգիները, առաջին հերթին փորձենք հետազոտել եւ հայտնաբերել հիվանդ կենդանիներին: Պետք է պայքարենք մլակների ակտիվության եւ բազմացման դեմ, որը տեղի է ունենում հիմնականում օրգանական աղբի մեջ»:
Արագ հայտնաբերման դեպքում լեյշմանիոզը 100 տոկոսով բուժելի է։ Հայաստանում, ի դեպ, վարակի տարածման հիմնական օջախները գտնվում են Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում։