Գյուղացուն գումար կտրվի՝ սեփական այգին մշակելու համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը պատրաստ է մարզերում բնակվող յուրաքանչյուր քաղաքացու, ով ունի գործազուրկի կարգավիճակ, անապահով է, տրամադրել գումար՝ անասնապահությամբ զբաղվելու համար։ Անասունի, օրինակ՝ մեկ կովի ձեռքբերման համար գործակալությունը տրամադրելու է առավելագույնը 350.000 դրամ գումար, նույնքան՝ կերի համար։ Ամսական 10.000 դրամ էլ անասնաբույժին է տրվելու, որպեսզի վերջինս ուշադիր լինի և բացառի տվյալ կենդանու սատկելը։ Այս մասին այսօր հայտնեց Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։ «Սա լրացուցիչ խթան է՝ զբաղվածության ապահովման առումով։ Անասուններին պետք է պահեն, ոչ մի դեպքում չմորթեն»,-նշեց նա։ Բացի այդ, շարունակվում է մեկ այլ՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը։ «Ծրագրի բյուջեն 1 մլրդ 125.000 դրամ է։ Նախատեսված է տարվա ընթացքում պայմանագիր կնքել 3217 հողօգտագործողի հետ։ Արդեն 4200-ից ավելի շահառու ունենք»,-ասաց պարոն Մանգասարյանը։ Ծրագրի շրջանակում գյուղացին կարող է ամեն ինչ ցանել իր այգում, ինչ ցանկանում է։ «Ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին տրամադրվելու է 4000 դրամ գումար»,-շեշտեց Զբաղվածության պետական գործակալության պետը։ Այս տարվա ընթացքում նախատեսված է նաև իրականացնել «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման 30 ծրագիր 9 մարզերում։ Առավելագույն տևողությունը 3 ամիս է, մեկ աշխատանքային օրվա համար վճարը կազմում է 5000 դրամ։ Հարցին, թե ընդհանուր առմամբ, ո՞ր մասնագիտությունների գծով աշխատողների ավելի մեծ կարիք կա, պարոն Մանգասարյանն ասաց. «Բոլոր մասնագիտություններով էլ կա լավ մասնագետների կարիք։ Կան տեղեր, որ չեն լրացվում։ Բոլոր այդ ուղղություններով այդ խնդիրներն ունենք։ Մասնագիտություններ կան, որոնցով մասնագետ գտնելը շատ բարդ է։ Դրա համար մենք վերապատրաստման ծրագրեր ենք իրականացնում»։