Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով է զիջել. ՀՅԴ-ն, թե՞ ՀՀԿ-ն (տեսանյութ)

Քաղաքականություն
papapzyan-nkar

Մեծ է հավանականությունը, որ 2016 թվականի ընթացքում ֆրանսիական Սենատ կներկայացվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ։ Նախագահ Օլանդն իրավաբաններին հանձնարարել է մշակել այնպիսի նախագիծ, որը չի խախտի խոսքի ազատության իրավունքը, բայց նաև քրեական պատիժ կսահմանի Ցեղասպանության ժխտողականության համար։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշում է. «Մենք իսկապես ուշադիր ենք, և մեր բոլոր ուժերը կդնենք, որպեսզի այս օրենքը քվեարկվի և սահմանադրական բնույթ ունենա, դա ամենակարևորն է։ Քվեարկվելը կքվեարկվի և Սենատում և Ազգային ժողովում, բայց պետք չէ, որ Սահմանադրական դատարանը բեկանի, արդեն մեկ անգամ բեկանել է և չենք կարող սխալվել»։ Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն արդեն աշխատանքներ են տանում ապրիլի 24-ին այդ երկրում միջոցառումներ անցկացնելու համար։ «Ցեղասպանության 101-րդ տարելիցն է մոտենում, և մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ այս հարցը փակված չէ»,- ասում է Մուրադ Փափազյանը։ Ըստ նրա՝ իրենք որոշակի պարբերականությամբ հանդիպումներ են ունենում նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, քննարկում հայ համայնքին վերաբերող խնդիրներ. «Թուրքերի հետ Ֆրանսիայում մենք մշտական մրցակցության մեջ ենք, նրանք ջանում են մեզ համոզել, թե նախագահ Օլանդը դավաճանել է հայերին՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծ չընդունելով։ Սակայն դա այդպես չէ»։ Մուրադ Փափազյանը, ով Դաշնակցության անդամ է, արտահայտվում է նաև ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության մասին։ Ըստ նրա՝ հիմնավոր չեն պնդումները, թե կուսակցությունում լուրջ տարաձայնություններ են եղել այս հարցի շուրջ. «Իհարկե եղել են կողմ և դեմ արտահայտվողներ, սակայն քննարկումների արդյունքում դեմ լինողների մեծ մասը համոզվել է, որ ճիշտն այս քայլին գնալն էր»։ Ըստ նրա՝ այս համագործակցությամբ Սփյուռքն ավելի մեծ ներգրավվածություն կստանա Հայաստանի կառավարմանը, իսկ թե ինչ դիրքում կգտնվի Դաշնակցությունը Հանրապետականի հետ նույն «միությունում», կլինի՞ հավասար որոշումներ ընդունելիս, պարոն Փափազյանը նշում է. «Պայմանագիր է ստորագրվել, այս պայմանագիրը հիմնված է ավելի  երկար ժամանակահատվածի վրա։ Եթե կարդաք այն, կհասկանաք, թե ով է զիջել»։