ՀՀԿ-ականը՝ ՏՄՊՊՀ-ին ուղղվող մեղադրանքների մասին (տեսանյութ)
«Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովին չենք կարող ասել՝ գնա մի քանի բիզնեսների տրոհված B բիզնեսը հայտնաբերի։ Տարբեր գերատեսչությունների թերացումների հետևանքով նման դեպքերը չեն հայտնաբերվել, մենք էլ մեղադրում ենք, ասելով՝ հանձնաժողովը պետք է դրանք հայտանաբերի, բայց չենք ասում՝ հանձնաժողովն ունի՞ նման գործառույթներ»,- կարծում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։ Իշխանական պատգամավորը նշում է՝ պետք է տեսնել նաև այն աշխատանքները, որոնք, ըստ իրեն, ՏՄՊՊՀ-ն իրականացրել է դրական առումով. «Հանձնաժողովը գերիշխող դիրքի փաստեր է արձանագրել երկաթուղային տրանսպորտի, ծխախոտի իրացման, ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, հեռահաղորդակցության, ինտերնետ կապի, գազավորված ըմպելիքների շուկաներում և պատասխանատվության միջոցներ է կիրառել»։ Ըստ նրա՝ օրենքով լիազորություններ պետք է տալ ՏՄՊՊՀ-ին՝ գործիքակազմը մեծացնելու համար։ Պարոն Բաղդասարյանի համար աբսուրդի ժանրից է հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետությունը վրացական երկաթուղու հետ եկել է համաձայնություն՝ Փոթի-Այրում երկաթուղու սակագինը բարձրացնելու համար, որպեսզի մենաշնորհը մեզ մոտ կարողանանք զարգացնել. «Այսինքն՝ մենք այնքան ենք վստահում վրացիներին, որ նրանք դա մի օր մամուլ չեն գցի ու այդպիսի համաձայնության ենք գալիս։ Դա պարզապես իր երկիրը, ժողովրդին չսիրող մարդը կարող է ասել»։