«Հեղինակությունները չեն կարող երաշխավորել իրենց տեղը ԱԺ-ում» (տեսանյութ)
Ընտրական օրենսգրքի նոր նախագծով առաջարկվող համամասնական ընտրակարգի մոդելը աշխարհի շատ երկրներում ընդունված դասական տարբերակներից մեկն է. այսօր ԸՕ նոր նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ նախկինում մեծամասնական ընտրակարգի հիմնական խնդիրը հանդիսանում էր կոնկրետ ընտրատարածքում անձի գործոնի կարեւորությունը, որը, ունենալով հեղինակություն տվյալ տարածքում, հավաքում էր որոշակի ձայներ. «Մենք հիմա ոսկե միջին տարբերակով են գնացել, այսինքն՝ այնպես ենք արել, որ անձի եւ կուսակցության դերերը համադրվեն: Համամասնականի ժամանակ ամեն ընտրող պետք է իմանա՝ որ տարածքից ում է ընտրել, բայց միեւնույն ժամանակ այնպես պետք է արվի, որ կուսակցության դերը ընդգծվի: Կուսակցության ձայների համադրության արդյունքում կարող է այնպես ստացվել, որ կոնկրետ տարածքից որեւէ կուսակցություն չստանա որեւէ մանդատ: Այսինքն, այնպես չէ, որ որեւէ տարածքում որեւէ մեկն ունի հեղինակություն եւ, այն օգտագործելով իր անձնական նպատակների համար, կարող է միանշանակ երաշխավորել իր տեղը ԱԺ-ում՝ ինչպիսի հեղինակություն էլ որ նա լինի»: Նախարարը նաեւ էլ ավելի պարզաբանեց՝ ասելով. «Կուսակցությունը կարող է համապատասխան ձայներ ստանալ որեւէ ընտրատարածքում, սակայն այդ ձայների քանակի համադրումը այլ տարածքների ձայների հետ ու ԸՕ-ում նշված բանաձեւի կիրառմամբ լինի այնպես, որ կոնկրետ տարածքից տվյալ կուսակցությունը որեւէ պատգամավորի որեւէ մանդատ չունենա»: