Գազը դեռ չի էժանանա
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշումների նախագծին: Ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլարի չափով: Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանն ասաց, որ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին` առաջարկով, որ ՀՀ-ին մատակարարող գազի գինը վերանայվի. «Հաշվի առնելով, որ բանակցությունները շարունակվում են, պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել նույն գինը, մինչեւ 2016 թվականի առաջին եռամսյակը»: