Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ միջնորդներն են մեղավոր և ոչ էլ Երևանը. Նալբանդյանը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Պաշտոնական
big_7524d704299a4d14d51cf60813e56c0c

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «‪Կոմերսանտ‬» թերթին

Հարց. Երևանյան այցի ընթացքում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, և աջակցություն հայտնեց Մադրիդյան սկզբունքներին և Մինսկի խմբի աշխատանքներին: Ինչպե՞ս կգնահատեք Մինսկի խմբի հետագա գործունեության հեռանկարները: Էդվարդ Նալբանդյան. ԵՄ-ն բազմիցս իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերին և բազմիցս ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք գոյություն չունի: Տիկին Մոգերինին ևս մեկ անգամ վերահաստատեց այդ դիրքորոշումը: Մենք մշտապես բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ցավոք, հակամարտության կողմերից մեկն այլ տեսակետ ունի։ Ոչ միջնորդները, ոչ էլ Հայաստանը մեղավոր չեն, որ մինչ օրս հակամարտությունը կարգավորված չէ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք գնալ կարգավորման՝ համանախագահների ներկայացրած առաջարկների հիման վրա: Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկները, մշտապես քննադատում է համանախագահներին: Բանը հասավ նրան, որ Բաքուն սկսեց մեղադրել համանախագահներին իսլամաֆոբիայի մեջ՝ հայտարարելով, որ անիմաստ է նրանց հետ հանդիպելը, քանի որ եռանախագահները ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Ըստ երևույթին, Ադրբեջանում այդքան էլ ճիշտ չեն հասկանում միջնորդության իմաստը: Միջնորդների ջանքերը պետք է ուղղված լինեն, առաջին հերթին, երկխոսության ծավալմանը, հանդիպումների կազմակերպմանը, կողմերի դիրքորոշումների մերձեցմանը, այլ ոչ թե այս կամ այն կողմի վրա ճնշում գործադրելուն: Ղարաբաղյան հիմնահարցը այն հազվադեպ դեպքերից է, երբ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, հանդես են գալիս կարգավորման շուրջ միասնական դիրքորոշմամբ: Նրանք հանդես են եկել հստակ առաջարկներով, որոնց հիման վրա կարելի է շարժվել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ առաջարկներն արտացոլված են վերոնշյալ երկրների նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ արված հինգ հայտնի հայտարարություններում: Հայաստանը ողջունել է դրանք՝ նշելով, որ դրանց հիման վրա պատրաստ է շարունակել հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները: Մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ձևացնում է, թե նման հայտարարություններ ընդհանրապես գոյություն չունեն: Բանակցություններն այլընտրանք չունեն, և մենք՝ համանախագահների հետ միասին, շարունակելու ենք ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Հարց. Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել ՌԴ ԱԳՆ կողմից վերջերս արված հայտարարությունն այն մասին, որ «ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին ցանկացած զենքի մատակարարում իրականացնելիս մանրակրկիտ կերպով հաշվի է առնվում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանումը»: Կարո՞ղ եք գնահատական տալ Երևանի և Մոսկվայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև` Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարմանը: Էդվարդ Նալբանդյան. Մենք ստիպված ենք ջանքեր գործադրել տարածաշրջանում հավասարակշռությունը պահպանելու և իրավիճակի նոր սրում, նոր պատերազմ թույլ չտալու համար: Հայտնի է, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը բազմապատկել է իր ռազմական ծախսերը՝ ռազմական բյուջեն հասցնելով մի քանի մլրդ. ԱՄՆ դոլարի: Իհարկե, նման պայմաններում Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժերի հավասարակշռությունը պահպանելու ուղղությամբ: Մենք ունենք դաշնակցային ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, շատ սերտ ռազմական, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցություն: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ մենք զենք ենք գնում, առաջին հերթին, մեր դաշնակցից: Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում տարբեր երկրների, բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող խոշորագույն երկրներից մեկն է և ակտիվ ներկայություն ունի զենքի շուկայում: Իսկ այդ շուկայում առկա է խիստ մրցակցություն և ոչ պակաս խիստ կանոններ: Իհարկե, մեզ չի կարող ուրախություն պատճառել այն հանգամանքը, որ Ադրբեջանը զենք է գնում Ռուսաստանից և, միաժամանակ, գրեթե ամեն օր սպառնում նոր պատերազմ սանձազերծել: Եվ, անշուշտ, մեզ չի կարող դուր գալ այն իրողությունը, որ զենքը գնվում է մեր դաշնակցից, որը մեծ ջանքեր է գործադրում մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխգործակցությամբ, այդ թվում ՝ ՀԱՊԿ շրջանակներում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ մեր ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարներին, ապա, բնականաբար, մենք հետագայում ևս շարունակելու ենք մեր դաշնակցի հետ ամենասերտ փոխգործակցությունը: Հարց. Վերջին մեկուկես տարվա ընթացքում հակամարտության գոտում նկատվում է լարվածության լուրջ աճ: Եթե մոտ ժամանակներս գործի չդրվեն կարգավորման լծակները, իրատեսակա՞ն է արդյոք լայնածավալ պատերազմի սցենարը: Էդվարդ Նալբանդյան. Հայաստանում կիսում են համանախագահ երկրների այն տեսակետը, որ պատերազմը հակամարտության կարգավորման ուղի չէ: Համանախագահները, որպես միջնորդներ, թեև ձգտում են հանդես գալ չեզոք դիրքերից, բայց անցած տարի ստիպված էին մի քանի հասցեական հայտարարություններ անել: Նրանք կոչ արեցին պահպանել հրադադարի ռեժիմը, դատապարտեցին ծանր սպառազինությունների և հրետանու կիրառումը: Համանախագահները կոչ արեցին համաձայնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկին, ինչը կարող է դառնալ իրավիճակի հետագա սրումը կանխարգելելու գործիք: Նրանք կոչ արեցին դադարեցնել եռանախագահների հասցեին հնչող քննադատությունը և վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորման հանձնառությունը: Ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահների այս կոչերն ուղղված են հենց Ադրբեջանին: Քանի որ մենք երբեք քննադատության չենք ենթարկել Մինսկի խմբին: Դա անում է հենց Բաքուն: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, շարունակում է կիրառել ծանր հրետանի, գնդակոծել քաղաքացիական օբյեկտները: Բաքուն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, դիպուկահարներին շփման գծից դուրս բերելուց: Հրաժարվում է պահպանել հրադադարի հաստատման մասին 1994թ. մայիսի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995թ. փետրվարի եռակողմ` ժամանակային սահմանափակում չունեցող համաձայնագրերը: Հարց. Ի՞նչ անել նման իրավիճակում: Էդվարդ Նալբանդյան. Բանակցությունների դադարեցման և համանախագահների հետ հանդիպումից հրաժարվելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները շանտաժի հերթական փորձեր են: Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ պահանջում է փոխել բանակցությունների ձևաչափը, փորձում է հակամարտության շուրջ քննարկումները տեղափոխել այլ ձևաչափեր: Համանախագահները բազմիցս են հայտարարել, որ նման փորձերը վնասակար են: Այն, որ Ադրբեջանը հանդես է գալիս համանախագահների հասցեին քննադատություններով, նշանակում է, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրությանը կամ առնվազն ԵԱՀԿ-ին, քանի որ ԵԱՀԿ-ն կոնսենսուսի վրա հիմնված կազմակերպություն է, որի բոլոր մասնակից երկրներն են համանախագահներին օժտել միջնորդության մանդատով: Համապատասխանաբար, եռանախագահները հանդես են գալիս ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների անունից: Համանախագահները բացահայտ կերպով նշում են, որ Բաքվի կողմից իրենց ջանքերի քննադատությունը ոչ այլ ինչ է, քան կարգավորման հասնելու քաղաքական կամքի բացակայություն: Մեկ բան ակնհայտ է՝ բանակցություններն այլընտրանք չունեն: Հարց. Ինչպե՞ս են Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում առկա բարդություններն անդրադառնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա: Ինչպե՞ս եք գնահատում թուրքական կողմի հայտարարությունները, որը ռուսական ինքնաթիռի խոցման դեպքից հետո խոստացել է «ամեն ջանք գործադրել», ինչպես նշել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը՝ «Ադրբեջանի օկուպացված տարածքներն ազատագրելու համար»: Էդվարդ Նալբանդյան. Վերջին շրջանում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թուրքական ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը, ընդ որում ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության հարցերում: Թուրքիայի վարչապետը հայտարարում է, որ այսօր քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբին համագործակցում էին «հայկական ավազակախմբերը»։ Նման հայտարարությունը շատ լուրջ ահազանգ է միջազգային հանրության համար այն առումով, թե ինչ կարող է պատահել քրդերի հետ: «Պատասխանատվությունն ընկնում է, առաջին հերթին, հայերի վրա, որոնց Ռուսաստանը զինեց և դրդեց մեր դեմ». սրանք Թուրքիայի վարչապետի խոսքերն են, սակայն ոչ թե 21-րդ դարի սկզբի Ահմեդ Դավութօղլուի, այլ 20-րդ դարասկզբի՝ Թալեաթ փաշայի՝ Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկի: Ակնհայտ է, որ հարյուր տարվա ընթացքում շատ բան չի փոխվել Թուրքիայի իշխանական վերնախավում: Այստեղ տեղին է հիշել եվրոպական ականավոր գործչի թևավոր դարձած խոսքերը՝ «Սեփական մտքի գոհարները թաքցնելու լավ առիթ բաց թողնվեց»՝ հերթական անգամ ցույց տալով, թե ժպտացող դիմակների տակ իրականում ինչ է թաքնված: Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի, ապա պետք է հնարավորինս հեռու մնա այդ գործընթացից: Շարունակությունը՝ այստեղ