Ծնողներն ուզում են իմանալ իրենց երեխաների մահվան պատճառները (տեսանյութ)
Չնայած ՀՀ պաշտպանական ոլորտի պաշտոնյաների պնդումներին, թե բանակում մեծ թափով բարեփոխումներ են իրականացվում, այնուամենայնիվ շարունակում են չբացահայտված մնալ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների գործերը։ 2010 թվականի մայիսին Ստեփանակերտի զորամասում մահացած Վալերիկ Մուրադյանի գործը նախորդ տարվա դեկտեմբերին է կասեցվել։ Մայրը՝ Նանա Մուրադյանը, այդ մասին իմացել է ոչ թե իրավապահ մարմիններից, այլ Ազգային Ժողովում պատգամավորներից մեկի հետ հանդիպմանը։ Նա չի հավատում պաշտոնական վարկածին, իբր որդին էլեկտրահարվել է։ «Մենք կասեցման որոշման դեմ բողոքարկել ենք։ Մինչ օրս որևէ բան չի արվել, ոչ մի առաջընթաց չկա։ Մինչ մահանալը տղաս ինձ հեռախոսով ասաց, որ վառելիքի գողության է ականատես եղել, այդ իրականացնողներն իրեն առաջարկել են գումար՝ լռելու դիմաց, սակայն ինքը հրաժարվել է։ Հեռախոսազանգից 4 օր հետո իմացանք նրա սպանվելու մասին»,- պատմում է սպանված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը։ Չբացահայտված գործերից է նաև ԼՂ Հադրութի զորամասում 2011 թվականի ապրիլին, համաձայն պաշտոնական վարկածի, իրեն ամրակցված զենքից սպանված Արթուր Ղազարյանի սպանության գործը։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն որոշ ժամանակ անց կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով։ Զինծառայողների ծնողները բաց են թողել գործը բողոքարկելու ժամանակը՝ այդ կերպ չկարողանալով իմանալ որդու մահվան հանգամանքները։ «Ես ունեմ վկա՝ Գրիգոր Արսենյանը, նա ականատես է եղել որդուս սպանությանը, նա որոշ ժամանակ աշխատում էր ոստիկան՝ կանգնում էր Կառավարության շենքի դիմաց, բայց հետո հանեցին աշխատանքից»։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այդ հանգամանքը իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքով չի պայմանավորում. «Ծնողներն ուզում են իմանալ իրենց երեխաների մահվան պատճառները, սակայն տարիներ շարունակ նրանց ներկայացնում են ոչ արժանահավատ վարկածներ։ Գործերի չբացահայտվելու պատճառը այլ տեղ է»։