«Կուսակցականն իր կուսակցության համար պետք է ապահովի քվեներ» (տեսանյութ)
Կառավարության նիստից հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը լրագրողներից մի որոշ ժամանակ խնդրեց, որ կարողանա բոլոր հարցերին պատասխանել: Նա վստահեցրեց, որ առաջնահերթություն չունի՝ անդրադառնալու է բոլոր ոլորտներին: Արդյոք նրա նշանակումը պայմանավորվա՞ծ էր նրանով, որ Շիրակի մարզը միշտ ընդդիմադիր կեցվածք է ունեցել, եւ նա պետք է համապատասխան վերահսկողություն իրականացնի. «Ոչ, ոչ, չենք պարտվելու՝ մեր ժողովրդի հետ ամեն ինչ կատարելու ենք: Ո՞վ ասաց, թե Գյումրին ընդդիմադիր քաղաք է, Գյումրին շատ լավ քաղաք է: Մեր ազգաբնակչության հետ մենք շատ խնդիրներ լուծելու ենք»: Հովսեփ Սիմոնյանը վստահեցրեց, որ կադրային ջարդ չի անելու. «Օրենսդրության շրջանակներում աշխատող մարդիկ խնդիր չեն ունենա, իսկ նրանք, որոնք չեն կարողանա բավարարել ներկայացված պահանջները՝ ցտեսություն»: Արդյոք նա նշանակվե՞լ է մարզպետ, որպեսզի Շիրակում միշտ պարտվող իշխանությունների համար ընտրություններին ապահովի անհրաժեշտ ձայներ. «Յուրաքանչյուր մարդ իր աշխատանքով, առավելեւս կուսակցական մարդը իր ճիշտ աշխատանքով պետք է իր կուսակցության համար ապահովի քվեներ»: