Արմեն Ռուստամյան. «Մեզնից հետո չեն եղել քաղբանտարկյալներ» (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ակտիվիստ Վարդգես Գասպարիի կալանավորմանն ու ՔԿՀ-ում եղած ճնշումներին: Արդյոք ՀՅԴ համար նա քաղբանտարկյա՞լ է. «ՀՅԴ չափորոշիչներով չէ, որ պետք է որոշվի Վարդգես Գասպարին քաղբանտարկյալ է, թե ոչ: Կա քաղբանտարկյալ տերմինի միջազգային հինգ չափորոշիչ, եթե Գասպարիի հետ կատարվածը համապատասխանի դրանց, ապա նա կհամարվի քաղբանտարկյալ»: Արդյոք 1990-ականներին ՀՅԴ անդամների կալանավորումից հետո եղե՞լ են քաղբանտարկյալներ ՀՀ-ում, Արմեն Ռուստամյանի պատասխանը միանշանակ էր. «Մեզնից հետո այդ հինգ չափորոշիչներով քաղբանտարկյալներ չեն եղել: Ինչ վերաբերում է մարտի մեկի գործով կալանավորվածներին, ապա չկա այդպիսի ցուցակ, որ նրանք քաղբանտարկյալներ են: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք այն ժամանակ պայքարել ենք իշխող ռեժիմի դեմ, կալանավորվել ենք, մի հատ էլ լինի, էլի կանեմ, ես չեմ ափսոսում իմ քայլերի համար, ու ես չեմ էլ ձգտել, որ ինձ համարեն քաղբանտարկյալ: Իսկ մեզ քաղբանտարկյալ են համարել միջազգային այդ չափորոշիչներով, եղել են հայտարարություններ, լսումներ»: Պարոն Ռուստամյանը նաեւ ավելացրեց, որ Վարդգես Գասպարիի հետ կապված ստորագրահավաքին իրենք միացել են, սակայն կալանավայր չեն գնացել, հետևում են իրավիճակին, որ գործընթացը պատշաճ իրականցվի. «Պետք է հստակ թացը չորից անջատվի: Կալանավայրում մեր եղած ժամանակ էնքան ծեծ ու ջարդ է եղել, ես չեմ ասել, որ դա կազմակերպված է եղել, դե դա գողական աշխարհ է»: Իսկ այն հարցը, որ ՀՅԴ-ն ՀՀԿ հետ համագործակցության նպատակը մեկն է՝ արգելափակել Ռոբերտ Քոչարյանի մուտքը ակտիվ քաղաքականություն, Արմեն Ռուստամյանին զարմացրեց. «Ռոբերտ Քոչարյանին քաղաքական դաշտից օտարելու մեջ մեղադրում են մի քաղաքական ուժի՝ ՀՅԴ, որը այդ անձի հետ երկար տարիներ համագործակցել է, իսկ հիմա նրան պիտի համարենք թիվ մեկ թշնամի՞»: Արդյոք ՀՅԴ-ն կդադարեցնի՞ ՀՀԿ հետ համագործակցությունը, եթե Ռոբերտ Քոչարյանը որոշի վերադառնալ ակտիվ քաղաքականություն. «Ի՞նչ կապ ունի դա. ով ընդունի մեր ծրագրային կետերը, նրա հետ էլ կհամագործակցենք: Ոչինչ, թող ՀՀԿ-ն մեր ծրագրերն իրականացնելու համար մեզ որպես գործիք օգտագործի»: