«Երբ անփորձ շները վազում են առաջ, իրենց հոշոտում են»
Ռուս-թուրքական հարաբերությունները կտրուկ սրվեցին այն ժամանակ, երբ Ռուսաստանը մտավ տարածաշրջան, կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը : «Իսկ եթե Ռուսաստանը չհայտնվեր, հնարավոր է, որ Սիրիան շատ դանդաղ վերանար»,-կարծում է նա: Այս պահին, քաղաքագետի համոզմամբ, ռուս-թուրքական հարաբերությունների լարված կետն այն է, որ թուրքերը ցանկանում են ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում: Իսկ ԱՄՆ-ն, նրա դիտարկմամբ, չի ցանկանում, որ Թուրքիան շահի սիրիական կոնֆլիկտում. «ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Թուրքիան իսկապես դառնա տարածաշրջանային գերտերություն: ԱՄՆ-ն ցանկանում է հակառակը` իրենք ամրանան, Ռուսաստանը ևս նույն քաղաքականությունն է վարում: Այն, որ թուրքերը մտնում են ցամաքային գործողությունների մեջ ու նույնիսկ կոչ են անում ԱՄՆ-ին և իրենց գործընկերներին աջակցել իրենց, նշանակում է՝ խնդիրը մտել է նոր փուլ: Չեմ բացառում, որ Ռուսաստանը փոխի իր դիրքորոշումը զորքեր մտցնելու առումով»: «Ա1+»-ի հարցին, թե ինչպես այս ամբողջը կազդի Հայաստանի վրա, Ալեքսանդր Մանասյանը պատասխանեց` հիշելով մի պատմություն. «Երբ անփորձ շները վազում են առաջ, իրենց հոշոտում են: Նույնիսկ իրենց յուրայիններն են իրենց հոշոտում: Այսինքն` եթե մեծերը այստեղ են, իրենք չպիտի ընկնեին առաջ: Ուզում եմ ասել, հիմա վտանգավոր պահ է: Հայաստանը պետք է ակտիվ չեզոքություն պահպանի»: