«Զախարյանի հայտարարությունը ոչ կոռեկտ է»
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ոչ կոռեկտ է գնահատում Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այսօր արած հայտարարությունը, թե Համաշխարհային բանկից նոր պարտք վերցնելով՝ էլեկտրաէներգիայի սակագները ստիպված չեն լինի բարձրացնել։ Տնտեսագետը վստահ է. պետք է պարոն Զախարյանը խոսեր ոչ թե էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման, այլ՝ 2016 թվականի օգոստոսի 1-ից դրա սակագնի իջեցման մասին. «Էլեկտրաէներգիայի թանկացումը ՀԾԿՀ-ն հիմնավորում էր ՀԷՑ-ի կուտակած 24 մլրդ դրամ պարտքը փակելու անհրաժեշտությամբ։ Այդ պարտքն արդեն մենք վճարում ենք ու այս տարվա օգոստոսին փակված կլինի, հետևաբար՝ կվերանա էլեկտրաէներգիայի 1 կիլովատտի համար 7 դրամ ավելի գումար վճարելու անհրաժեշտությունը»։ Տնտեսագետի համար հասկանալի չէ հանգամանքը, որ Հայաստանը նմանատիպ պարտքեր անում է հենց Համաշխարհային բանկից։ Ժամեր շարունակ տնտեսագետը Հայաստանին նոր պարտք տալու մասին տեղեկատվություն է փնտրել Համաշխարհային բանկի կայքում, սակայն՝ ապարդյուն. «Կասկածելի է, որ նման մասշտաբի գործարքի մասին Համաշխարհային բանկը տեղեկատվություն չի տրամադրում, չնայած պնդումներին, թե այդ կառույցը ամենաթափանցիկներից է»։