«Անորակ վառելիքի համար պատասխանատու է ռուսական կողմը» (տեսանյութ)
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հետազոտություն է անցկացրել Հայաստանում՝ պարզելու համար, թե ինչ գործարար միջավայր պետք է լինի, որպեսզի ապահովվի ձեռնարկությունների կայուն զարգացում եւ բացահայտվեն դրան խոչընդոտող խնդիրները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը թվարկեց այն խնդիրները, որոնք վերլուծության արդյունքում բացահայտվել են։ Պարզվել է՝ հինգ գլխավոր խնդիր կա մեր տնտեսության մեջ՝ արդյունավետ կառավարում եւ կոռուպցիա, օրենսդրական կարգավորման շրջանակ, մրցակցություն եւ ստվերային տնտեսություն, ֆինանսների հասանելիություն, կրթություն եւ վերապատրաստում։ Ըստ Մակարյանի՝ վերջին շրջանում տարբեր միջազգային կազմակերպությունների, դեսպանների հետ հանդիպումները, զրույցները ցույց են տվել, որ վերջիններիս կողմից դժգոհություն կա՝ կապված Հայաստանում իրականացվող բարեփոխումների հետ. «Հայաստանում ռեֆորմները թղթային բնույթ ունեն, քան ֆունդամենտալ։ Արդյունավետության մակարդակը շատ ցածր է։ Այդ առումով բավականին գումարներ մտնում են Հայաստան, սակայն դրանց արդյունավետությունը նույնպես շատ ցածր է»,-նշեց նա։ Անդրադառնալով Հայաստան ներկրվող վառելիքի ցածր որակին՝ Գագիկ Մակարյանը նշեց, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է ուսումնասիրեն խնդիրը. «Եթե Հայաստան վառելիք ներկրողը հիմնականում ռուսական կողմն է, որը սահմանի վրա բաշխում է այլ վաճառողների, պետք է ռուսական կողմը պատասխանատվություն կրի, թե ինչու է անորակ վառելանյութ բերում Հայաստան, իսկ նույն ընկերությունը Ռուսաստանում վաճառում ավելի որակյալ վառելանյութ»,-եզրափակեց նա։