Շվեյցարական «HSBC»-ում գումար պահած հայերը. hetq.am
2008-ին բրիտանական հայտնի «HSBC» բանկի շվեյցարական դուստր ընկերության՝ «HSBC Private Bank»-ի աշխատակից Էրվե Ֆալցիանին գաղտնազերծեց բանկի ավելի քան 100.000 հաճախորդների (ֆիզիկական եւ իրավաբանական անձանց) հաշիվներ, ինչը վերաճեց մեծ սկանդալի: Նա փաստաթղթերը փոխանցեց Ֆրանսիայի հարկային մարմիններին, որոնք հետաքննություն սկսեցին: Հարկայինից տվյալները հայտնվեցին «Le Monde» պարբերականի մոտ, որն էլ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետ համաձայնության եկավ գլոբալ թիմ կազմել (45 երկրի լրագրողներից)՝ տվյալներն ուսումնասիրելու եւ հրապարակելու համար: 1989-2006 թթ. մեր երկրի հետ առնչություն ունեցող հաճախորդի 21 հաշիվ (client account) է բացվել շվեյցարական բանկում, որոնք կապված են եղել 23 բանկային հաշիվների (bank account) հետ (ընթերցողի համար ասենք, որ ըստ բանկային ընթացակարգերի՝ հաշիվ բացել ցանկացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (client) համար նախ բացվում է հաճախորդի հաշիվ (client account), ապա՝ բանկային հաշիվ. հաճախորդի մեկ հաշվին կարող է կցված լինել մեկից ավելի բանկային հաշիվ): Նշված 21-ից 17-ը բացել են ֆիզիկական անձինք, 2-ը՝ օֆշորային ընկերություններ, եւս 2-ը կոդավորված են եղել, այսինքն՝ այդպես փորձ է արվել թաքցնել հաշվի տիրոջ ինքնությունը: ICIJ-ի համաձայն՝ 2006-2007 թթ. ՀՀ-ին առնչվող 10 հոգի (client) 15,4 մլն դոլար է պահել բանկում: Այս ցուցանիշով Հայաստանը 203 երկրների մեջ հայտնվել է 146-րդ տեղում: Ըստ լրագրողական հետաքննության՝ վերոնշյալ 10 հոգուց 4-ը եղել է ՀՀ քաղաքացի: Սակայն «Հետքն» իր գործընկեր ICIJ-ից ձեռք է բերել այդ 10 անձանց տվյալները, ինչից պարզ է դառնում, որ բոլորն էլ ազգությամբ հայեր (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիներ) կամ հայաստանյան ընկերություններ են: Ավելին՝ շվեյցարական «HSBC»-ում գումար պահած բազմաթիվ այլ հայեր կան, ովքեր, սակայն, սփյուռքից են եւ այլ երկրների քաղաքացի, ինչի հետեւանքով չեն հայտնվել մեր երկրի հետ կապ ունեցող անձանց մեջ: Այդուհանդերձ, նրանցից ոմանց նույնպես կանդրադառնանք ստորեւ: Իսկ հիմա տեսնենք, թե ովքեր են այդ 10 անձինք: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Անշուշտ, նրանցից ամենահետաքրքիր կերպարը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն է, որի հաշվին 2006-2007 թթ. եղել է առավելագույնը 1.074.926 դոլար: Կաթողիկոսի անունն առաջին անգամ «HSBC»-ում հայտնվել է 2000 թ.: Նրա հաճախորդի հաշիվը (client account) գրանցվել է «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ներսես (His Holiness Karekin II Nersis)» անվան տակ, դրան կցվել է մեկ բանկային հաշիվ (bank account): Բացահայտված փաստաթղթերում, ինչպես եւ մյուսների դեպքում, նշված են Գարեգին Բ-ի ծննդյան ամսաթիվը (07.08.1951), քաղաքացիությունը, բնակության երկիրը, սակայն, այդուհանդերձ, պարզ չի եղել կաթողիկոսի կոնկրետ առնչությունը բանկային հաշվին: Մայր Աթոռից ICIJ-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ այն բացվել է Գարեգին Բ-ի նախորդի, այսինքն՝ Գարեգին Ա-ի կողմից՝ ի շահ եկեղեցու եւ վերջինիս բարեգործությունների համար: Ըստ Էջմիածնից ստացված պարզաբանման՝ հաճախորդի հաշիվը Գարեգին Ա-ի մահից հետո վերանվանվել է գործող կաթողիկոսի անունով եւ ծառայում է նույն նպատակներին: «Հայաստանյայց եկեղեցու կաթողիկոսությունը՝ կաթողիկոսի պատասխանատվության ոլորտը, ազգային կրոնական հաստատություն է եւ որեւէ հարկի սուբյեկտ չէ, իսկ Նորին Սուրբ Օծությունը անձեռնմխելի է ցանկացած հարկից»,- հայտնել են Մայր Աթոռից: Ռադիկ Մարտիրոսյան 2006-2007 թթ. Շվեյցարիայի «HSBC»-ում գումար ուներ նաեւ Ռադիկ Մարտիրոսյանը (Radik Martirosyan): Խորհրդային Ադրբեջանում, ավելի կոնկրետ՝ ԼՂԻՄ Մատաղիս գյուղում ծնված Ռ. Մարտիրոսյանը շվեյցարական բանկի հին հաճախորդներից է: Նա բանկում հաճախորդի հաշիվ է բացել 1997-ի դեկտեմբերի 4-ին, երբ դեռ ԵՊՀ ռեկտորն էր (1993-2006): 2006-ից Մարտիրոսյանը Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն է: Այդուհանդերձ, 2006-2007 թթ. ԳԱԱ նորընտիր ղեկավարն «ընդամենը» 14.864 դոլար է ունեցել «HSBC»-ում: Հետաքրքիր է, որ Մարտիրոսյանի «client account»-ը եղել է կոդավորված «3310FT» անվան տակ (կոդավորման պրակտիկայի մասին վերը նշել ենք): Ինքնությունը թաքցնելու դրդապատճառը կիմանա միայն Ռադիկ Մարտիրոսյանը: Ավելին՝ այստեղ