Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոներկրողներն՝ ընդդեմ ԱԱՀ-ի  (տեսանյութ)

Տնտեսություն
Avtonerkroxner-nkar

Երկու ավտոներկրող՝ Կամո Մարությանը և Պողոս Օղլուկյանը, այսօր ասուլիս էին հրավիրել՝ բողոքելու կրկնակի հարկումից: 2009 և 2010 թվականներին պարոն Մարությանը Միացյալ նահանգներից երկու մեքենա է ներկրել Հայաստան: 2011-ին, երբ վաճառել է դրանք, հարկային տեսչությունից իրեն կանչել են և ակտ ձևակերպել՝ իրեն համարելով ապօրինի ձեռնարկատեր: «Դրա պատճառով ես տուժեցի. Առողջական խնդիրներ ունեցա, սրտի վիրահատություն եմ տարել, մինչև հիմա հետևանքները կան, ընտանիքիս բարոյահոգեբանական մթնոլորտը խաթարվեց»,-պատմեց նա: Մեքենան ներկրելիս նա ավելացված արժեքի հարկ վճարել է, սակայն մեր երկրում ցանկացած պարագայում, եթե նույն տարվա ընթացքում երկու մեքենա ես վաճառում, պետք է ևս մեկ անգամ ԱԱՀ վճարես: Հենց սրա դեմ էլ պայքարում է քաղաքացին: «Եթե ես վճարել եմ ԱԱՀ, իրավունք ունեմ վաճառելու այդ մեքենան, էլ ինչո՞ւ պետք է նորից վճար անեմ: Երկրորդ մեքենան վաճառել էի 5 մլն դրամով, բայց հետո հարկայինը պարտավորեցրեց ինձ 3 մլն դրամ ԱԱՀ վճարել»: Պարոն Մարությանը դիմել է դատարան, վճիռը կայացվել է հօգուտ իրեն և պարոն Մարությանը չի վճարել այդ 3 մլն դրամը: Պողոս Օղլուկյանն էլ իր հերթին նշեց. «Եթե ես տարբեր թվականներին 3 մեքենա եմ բերել Հայաստան, ուզում եմ նույն տարում վաճառեմ ու օրինակ բնակարան գնեմ, ինչո՞ւ պետք է նորից հարկ վճարեմ»: Նա մատնանշում է ԵՏՄ շրջանակում գործող օրենքն, ըստ որի՝ ԱԱՀ-ի կրկնակի վճարում չի գործում միության անդամ երկրների համար, եթե իրենք Ռուսաստանից են մեքենա ձեռք բերում: «Ղազախստանում, Բելառուսում նման բան չկա, բայց մենք մտանք ԵՏՄ, էլի 20 տոկոս ԱԱՀ ենք վճարում»:Քաղաքացին շեշտում է, որ այլ երկրից մեքենա գնելիս միջինում 3000-4000 դոլար ավելի գումար են վճարում, իսկ երբ դրան գումարվում է նաև հարկի կրկնակի վճարումը, իրենց բեռն ավելի է ծանրանում: Այս կերպ, ըստ պարոն Օղլուկյանի, պետությունը թույլ չի տալիս, որ նոր մեքենաներ մտնեն երկիր: «Հայաստանն այսօր դարձել է մեքենաների գերեզմանոց: Մենք ուզում ենք 4, 5 տարվա մեքենա ներկրենք»: Ավտոներկրողները պահանջում են Ֆինանսների նախարարությունից վերանայել օրենքը և շարժվել ԵՏՄ պայմաններով: Հաջորդ հինգշաբթի նրանք պատրաստվում են Կառավարության շենքի մոտ ակցիա իրականացնել: