«Բարձր գները մանդատի, պաշտոնի չարաշահման արդյունք են» (տեսանյութ)
Փակվող խանութներ, արտագաղթի ու աղքատության բարձր մակարդակ: Այս երևույթների խորացմանը նպաստող հանգամանքներից են Հայատանի տնտեսությունում առկա մենաշնորհները, գերիշխող դիրքի չարաշահումը: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը նշում է. «Երբ որ նայում ենք գներին, հատկապես՝ սպառողական շուկայում, դրանք համադրելի չեն այն գների հետ, որոնք արտադրող երկրների շուկաներում է առկա»: ԱԺ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ խոսում է պատճառների մասին. «Մեզ չի հաջողվում կարգավորել, որովհետև մենք չունենք հակամենաշնորհային քաղաքականության կարգավորում, մենք ունենք ընդամենը գերիշխող դիրքի կարգավորում»: Ամանորի նախաշեմին հայաստանցիները բանանի մեկ կիլոգրամի համար վճարեցին միջինը 970 դրամ, մինչդեռ Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում այն երեք անգամ էժան գին ուներ՝ 310 դրամ: «Դա տնտեսական մրցակցության հանձնաժողովի թուլության հետևանքն է: Այդ 600 դրամ տարբերությունը, որ առաջանում է, ես անվանում եմ քվազիռենդա, այսինքն՝ իր քաղաքական դիրքի, պաշտոնական դիրքի հովանավորության, մանդատի չարաշահման արդյունք է: Խնդիրը քաղաքական հարթության մեջ է»,- ասում է Ատոմ Մարգարյանը: Տնտեսագետները չեն բացառում մենաշնորհային դիրքի չարաշահումը բենզինի շուկայում։ Բենզինի մեկ բարելի գինը միջազգային շուկայում արդեն 30 դոլար է, սակայն Հայաստանում էական էժանացում չկա: «Ասում են՝ Ռուսաստանից ենք բերում այնտեղ թանկ է, բայց Ռուսաստանում՝ կապված նավթի գների էական անկման հետ, բենզինի գները նվազում են 40%-ով: Հայաստանում՝ ընդամենը 20%-ով: Հասարակությունը վճարում է այդ մենաշնորհների համար, և այլ կերպ չի էլ կարող լինել»,- նշում է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Ըստ տնտեսագետի՝ Հայաստանում մենաշնորհը հետևանք է նաև քաղաքական համակարգի կազմավորման տրամաբանության: «Սերտաճում է տեղի ունենում և հակատրամաբականական է, որ թողնեն մեկը մրցակցային հիմունքներով մտնի դաշտ եկամուտ ստանա, ստեղծի արժեք»: Մենաշնորհը կոռուպցիայի ու օրենքի կամայական կիրառման զուգակցմամբ ավելի է վատթարացնում սոցիալ-տնտեսական վիճակը: Մինչդեռ՝ Հայաստանը զարգանալու ռեսուրսներ ունի զարգացման արևմտյան մոդելի ընտրության պարագայում միայն։ Ատոմ Մարգարյանը նշում է. «Զարգացած, ժողովրդավարական երկրների հասարակությունները պայքարի և ինքնակազմակերպման միջոցով են հասել բարեկեցության և արտադրողականության բարձունքներին և տեսնում ենք, որ ֆորսմաժորային իրավիճակում լուրջ ցնցուներ չեն ունենում»: Իսկ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ամփոփիչ ասուլիսում հայտարարել էր, որ կառավարությունը չի պայքարել ու չի պայքարելու մենաշնորհների դեմ, օրենսդրությունն ուղղված է մոնոպոլ դիքերի չարաշահմանը, այլ ոչ թե՝ մոնոպոլիաների գոյությանը: «Չթողնել, որ մոնոպոլիա առաջանա՝ Հայաստանում դա հնարավոր չէ»,- ասել էր նա։