Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օմբուդսմենին շանտաժի՞ են ենթարկել. Ն. Փաշինյանը հարցեր է բարձրացնում (տեսանյութ)

Քաղաքականություն
a4q3Q_Y1nLw

5-րդ գումարման ԱԺ 9-րդ նստաշրջանին այսօր հաստատվեց Հաշվիչ հանձնաժողովի ժամանակավոր հանձնաժողովի կազմը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, որ հանձնաժողովը բաղկացած է ՀՀԿ վեց, ԲՀԿ երկու, իսկ մյուս խմբակցություններից՝ մեկական թեկնածուից: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ որպեսզի կոնսենսուս չլինի ԱԺ նախագահի հետ, ինքն առաջարկում է՝ բոլոր խմբակցություններից հավասար քանակությամբ անդամներ լինեն: Մի պահ լռություն եղավ, եւ դահլիճից լսվեց ՀՀԿ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի ռեպլիկն՝ ուղղված Գալուստ Սահակյանին. «Ինչի՞ խոսացրիք»: Պատգամավորները սկսեցին ծիծաղել: «Խոսեցնելն իմ մասնագիտությունն է»,- կատակեց Գալուստ Սահակյանը: Այնուամենայնիվ, նա Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ յուրաքանչյուր խմբակցությունից երկուական անդամ լինի հանձնաժողովում, դրվեց քվեարկության: Այն չանցավ՝ կողմ էին ՕԵԿ-ը, ՀԱԿ երկու պատգամավոր եւ ԲՀԿ եւս մի քանի պատգամավոր: Քանի որ լրանում է Էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի ներկա կազմի ժամկետը, ապա Գալուստ Սահակյանը կոչ արեց խմբակցություններին՝ ներկայացնել իրենց թեկնածուներին: ԱԺ-ն սկսեց քննարկել «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Հիմնական զեկուցող, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն իր ելույթում նշեց, որ նոր Սահմանադրությամբ կա նոր կարգ ՄԻՊ ընտրության՝ եթե նախկինում  պատգամավորների 1/5-ն էր առաջադրում ՄԻՊ թեկնածություն,  ապա հիմա կառաջադրի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց՝ քանի որ ԱԺ-ն է ընտրել ՄԻՊ-ին, ինչու չպետք է ԱԺ-ն չլսի օմբուդսմենի՝ հրաժարականի մասին պատճառաբանությունները. «Չե՞ք կարծում, որ պետք է պարտադիր լինի, որ հրաժարական տալիս օմբուդսմենը գա ու ԱԺ-ում ասի այդ մասին»:  Հովհաննես Սահակյանը նկատեց, որ դա մոտեցում է, որ հետագայում կարելի է քննարկել, սակայն այժմյան ընթացակարգերով դա հնարավոր չէ անել: Հեղինե Բիշարյանը նշեց, որ տեղյակ է, որ նման ընթացակարգ չկա, սակայն հնարավոր է հրավիրել հանձնաժողով ու փոքր շրջանակում զրուցել: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՀՀԿ-ականները սխալ ձեւակերպումներ են անում, երբ ասում են, թե աննախադեպ էր նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի թեկնածությունը. «Նախորդ օմբուդսմենն էլ է հրաժարական տվել, իսկ առաջինը սկանդալային ֆոնով է հեռացել: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ թեկնածուին չպետք է առաջադրի ԱԺ ՄԻ եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: Դա մոտավորապես նույնն է, թե ՏՄՊՊՀ նախագահի թեկնածություն առաջադրելու լիազորություն ունենա ԱԺ-ն ու նրան առաջադրի ԱԺ Գիտության, կրթության հանձնաժողովը: Այստեղ որեւէ տրամաբանություն գոյություն չունի»: Նիկոլ Փաշինյանը նաեւ ճշտեց՝ արդյոք իշխանությունները հետաքրքրվե՞լ են, թե ինչ տեղի ունեցավ Կարեն Անդրեասյանի հետ, քանի որ շատ լավ աշխատում էր. «Խոսակցություններ կան, որ նրան ստիպել են, հարկադրել են, շանտաժի հետ կապված լուրեր կան, անուններ են նշվում, խոսքը գնում է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի մասին: Եթե այս լուրերը իրականությանը համապատասխանում են, ապա ՄԻՊ-ը անձեռնմխելի ինստիտուտ է, ինչ է նշանակում՝ հարկադրել բեմի հետեւում: Այստեղ հանցակազմ չկա՞, չե՞ք կարծում, որ իրավապահ մարմինները պետք է քննեն այդ գործը»: