Շուշան Պետրոսյանի դեմ ներկայացված դիմումն ընդունվեց վարույթ
ԱԺ Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր վարույթ է ընդունել ՀՀԿ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի դեմ «Հելսինկյան ասամբլեա»-ի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած դիմումը: Շուշան Պետրոսյանը սոցիալական ցանցերով վիրավորել էր մի քաղաքացու: Այս հարցով զեկուցողը ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն է: Հանձնաժողովը նաեւ որոշել է past.am կայքի լրագրող Լիլիթ Լալայանի՝ ՀՀԿ եւ ԲՀԿ մի շարք պատգամավորների վերաբերյալ դիմումի մասին որոշումը հրապարակել փետրվարի 11-ին: Նշենք, որ այդ պատգամավորները ԱԺ նիստերին պարբերաբար քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն: Փետրվարի 11-ին կհրապարակվի նաեւ Շուշան Պետրոսյանի վերաբերյալ որոշումը: Ինչպես նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը՝ փետրվարի 11-ին նիստին կհրավիրվեն ինչպես Շուշան Պետրոսյանը, այնպես էլ Արթուր Սաքունցը: Ինչ վերաբերում է կարգազանց ՀՀԿ եւ ԲՀԿ պատգամավորներին, ապա ինչպես նշեց Վահան Բաբայանը, նրանց հրավիրելու կարիք չկա, քանի որ տեսանյութերն ավելի խոսուն են, ու ամեն ինչ ասված է փաստացի: Ի դեպ, հանձնաժողովի հաջորդ նիստը կլինի նոր կազմով նոր նախագահով: Ռոտացիոն կարգով հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀԿ-ից: