«Չե՛ք անցկացնի»-ն Ազգային պլատֆորմ է ստեղծում
Մենք՝ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության թիմը և մեր համախոհները, մտահոգված լինելով Հայաստանում ժողովրդավարության սահմանափակումների և մարդու իրավունքների ոտնահարման համակարգված խնդիրներով, ընտրությունների և հանրաքվեների կեղծման մշտական պրակտիկան համարելով երկրի զարգացմանն ուղղված լրջագույն մարտահրավեր, Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքերի պաշտպանության և ազատ ու օրինական ընտրությունների անցկացման կարևոր նախապայմանը դիտարկելով քաղաքացիական արժեքների լայն տարածումը և քաղաքացիական հասարակության զարգացումը,
կարևորելով մեր ջանքերի համադրումը սպասվող ընտրական շրջանում ընտրությունների վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում,հռչակում ենք Ժողովրդավարության Ազգային պլատֆորմի ստեղծումը: Պլատֆորմի առաջիկա գործունեության հիմնական ուղղություններն են՝
-
Ներգրավվել Ընտրական օրենսգրքի մշակումներին՝ հանդես գալով ընտրակեղծարարության մեխանիզմների սահմանափակմանն ուղղված սկզբունքային առաջարկներով,
-
Ապահովել հանրային լայն ներգրավածություն փաստաթղթի մշակման աշխատանքներին,
-
Քաղաքացիներին իրազեկել ընտրակեղծարարության դեմ պայքարի հնարավոր մեթոդների մասին՝ նախապատրաստելով առաջիկա ընտրություններին: