«Բաքվի օլիմպիադան ավելի բարդ կլինի մեզ համար». Հրանտ Մելքումյան
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 2015 թվականին դարձավ շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի լիարժեք անդամը: Նա հաջողությամբ փոխարինեց մեր ամենափարձառու շախմատիստ Վլադիմիր Հակոբյանին, որը տարիքի պատճառով որոշեց ավարտել ելույթները ազգային թիմում: Զարմանալի չէ, որ նա գոհ է անցած տարվա իր ելույթներից. «Եթե հաշվի առնեմ իմ ցույց տված անհատական արդյունքները, ապա այնքան էլ գոհ չեմ, որովհետեւ վարկանիշային միավորներ կորցրեցի: Բայց քանի որ թիմային մրցաշարերում ավելի հաջող հանդես եկա, ինչն ավելի եմ կարեւորում, ուստի կարող եմ հաջող համարել մրցաշրջան-2015-ը», - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց տակավին երիտասարդ գրոսմայստերը: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին Հրանտ Մելքումյանն ասաց, որ նախ մասնակցելու է Գերմանիայի, ապա Ավստրիայի բունդեսլիգայի առաջնություններին. «Դրանք բավական ուժեղ կազմ են հավաքում, ուստի հետաքրքիր են շախմատային առումով: Ես իմ թիմում հանդես եմ գալիս առաջին խաղատախտակի վրա, ինչը հնարավորություն է տալիս հանդիպել բավական ուժեղ մրցակիցների, մասնավորապես աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ»: Տարեց-տարի առաջադիմող մեր շախմատիստը ավանդույթի համաձայն հանդես կգա Ռեյկյավիկ օփենին, ապա Եվրոպայի անհատական առաջնությանը: Իսկ ահա Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադային մասնակցելու հեռանկարին նա հոռետեսորեն է վերաբերվում. «Անցած տարի ես Բաքվում մասնակցեցի աշխարհի անհատական գավաթի խաղարկությանը: Բնականաբար հաճելի չէր այնտեղ, ինչ-որ լարվածություն զգացվում էր: Մենք լիովին մեկուսացված էինք, իսկ դա շախմատիստին տհաճություն է պատճառում: Օլիմպիադան երկարատեւ մրցաշար է, ուստի այն ավելի բարդ կլինի մեզ համար, առավել եւս, եթե մեզ միանա նաեւ Հայաստանի կանանց հավաքականը», - եզրակացրեց Հրանտ Մելքումյանը: