Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երգահանի համար պատերազմի տարիները հեքիաթի էին նման (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
banak

Գրականագետ Դավիթ Գասպարյանը հիացմունքով է հիշում Հայոց բանակի կազմավորման առաջին տարիները. «Այն ժամանակ բանակից փախցնելու մասին չէին խոսում, այլ գնալու»։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա եւ ազատամարտիկ, երգահան Դավիթ Ամալյանը խոսեցին բանակի անցած ուղու եւ ներկայիս վիճակի մասին։ «Մենք մեր անկախության տարիներին շատ արժեքներ կորցրեցինք, բայց ամենակարեւորը պահպանեցինք՝ ազատագրված Արցախը եւ ստեղծված հայոց բանակը»,-ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ շատերը հիմա «հայրենասեր են աշխատում». «Հայրենասերի տեսակ կա, չէ՞, որ երեխաներին փախցնում է արտասահման, ինքն էլ այստեղ սպասում է մինչեւ իրեն պաշտոնից հանեն, որ ինքն էլ փախչի, բայց այդ արանքում հայրենասիրական ճառեր է ասում»։ Գրականագետը հիշում է, թե ինչպես Ֆիզուլիի զորամասերից մեկում երկու զինվոր իրեն մոտեցան եւ խնդրեցին միջնորդել, որպեսզի իրենք դիրքեր բարձրանան. «Թող մեզ տանեն առաջին գիծ, հո՞ չենք եկել՝ թիկունքում ժամանակ կորցնենք»։ Այս իրավիճակներում սրանք արտակարգ բառեր են»։ Երգահան Դավիթ Ամալյանը կոմպետենտ չի համարում բանակի մասին խոսելը, առավել եւս իր՝ պատերազմի մասնակից լինելու, քանի որ իրեն ոչնչով առավել չի դասում պատերազմի մասնակցած մյուս անձանցից. «Լուսաբանվում եւ ճոխությամբ ներկայացվում են հիմնականում նրանք, որոնք ոչինչ չեն անում»,-ասաց Ամալյանը։ Երգահանի համար պատերազմի տարիները հեքիաթի էին նման, որը նա չի ցանկանում, որ կրկնվի։ «Այդ հեքիաթում չարը չար էր, ուժեղը՝ բարի»,-ասաց նա՝ հավելելով. «Դիրքում կանգնել՝ նշանակում է տեր լինել երկրին, խաղաղությանը, քո ընտանիքին։ Մեր «ամենինչությունը» դիրքում կանգնած զինվորն է։ Մենք որեւէ վայրկյան չենք կարող ոչինչ անել, եթե դիրքերում կանգնած սառող կամ շոգից քրտնող զինվորը չլինի։ Մեր բանակը մեզ համար եկեղեցի է, բանակի համար որեւէ բան անելուց լուսաբանելը ես համարում եմ բարձր աղոթել, իսկ բարձր աղոթքը տիրոջը չի հասնում»։