«Այն Ադրբեջանը, որը նախաձեռնել էր հակահայկական զեկույցներ, արդեն չկա». քաղաքագետ (տեսանյութ)
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, թե վաղը ԵԽԽՎ-ում քննարկվելիք երկու հակահայկական զեկույցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի համար: «Հավանականությունը մեծ է, որ դրանցից մեկը կամ երկուսն էլ կանցնեն, բայց դա այնքան էլ կարևոր չէ: Նման բանաձևեր էլի են եղել, բայց մնացել են որպես փաստաթուղթ»,-ասաց նա: Այս դեպքում ավելի կարևոր է Մինսկի խմբի արձագանքը: Իսկ թե Ադրբեջանն իրեն ինչպես կդրսևորի, դրան նա դարձյալ կարևորություն չի տալիս: «Այն աղմուկը, որ այս զեկույցների շուրջ կա Հայաստանում, անհասկանալի է»,-շեշտեց պարոն Իսկանդարյանը: Ամեն դեպքում, Ադրբեջանը չի կարող իր ուզած ցանկացած հարց այս կերպ լուծել. «Նրանք կարող են մտածել, թե փողով կարելի է ամեն ինչ անել և ԵԽԽՎ-ին կարծիք թելադրել, դա այդպես չէ»: Վերոնշյալ փաստաթղթերն, ըստ քաղաքագետի, լոբբինգի արդյունք են, սակայն դրանց քաղաքական իմաստը կորել է: «Այդ երկիրը ծանր վիճակում է գտնվում: Այն Ադրբեջանը, որը նախաձեռնել էր այդ փաստաթղթերը,արդեն չկա: Ադրբեջանն արդեն բոլորովին այլ է. նրա հետ կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում»,-շեշտեց պարոն Իսկանդարյանը: Եվ չնայած այս փաստին, այդ երկիրը Հայաստանի հետ չի փնտրում փոխզիջում. «Ադրբեջանի առաջադրանքն է ոչ թե փորձել կարգավորել կոնֆլիկտը, այլ շարունակել պատերազմը ոչ ռազմական մեթոդներով: Եվ քանի որ ռազմական մեթոդներով չի ստացվում, նա փորձում է տարբեր՝ քաղաքական, լրագրողական, սպորտային և այլ տիրույթներ օգտագործել՝ հասնելու ինչ-որ բանի՝ Հայաստանի նկատմամբ»: