Քննչականը՝ ծննդկանի մահվան գործով ձերբակալված բժշկուհու մասին
Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 22-ին ձերբակալվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շ.Բախշյանը։ Մ.Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, և Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Մ.Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Քննությամբ պարզվել է, որ ծննդկանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, և քննիչի որոշմամբ նշված կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը և հղիության քարտը, զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների և ընդունարանի մերժման մատյանները: