Ռուսաստանն ի վիճակի չի լինելու կատարել պարտավորությունները (տեսանյութ)
Ռուսաստանը կանգնած է բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակի առաջ: 2015 թ օտարերկրյա ներդրումները Ռուսաստանում նվազել են 92% -ով։ Ռուսական ռուբլին էլ արժեզրկվում է օրեցօր՝ 1 դոլարի փոխարժեքն արդեն 83 ռուբլի է: Եթե հաշվի առնենք, որ Իրանն այլեւս պատժամիջոցների տակ չէ ու այսուհետ կարող է ազատ նավթ վաճառել, ապա կանխատեսելի է, որ նավթի գնանկումն էլ արագանալու է։ Սա լրացուցիչ հարված կլինի Ռուսաստանին, քանի որ այդ երկրի տնտեսությունն ամբողջությամբ հիմնված է նավթի վրա, եւ նավթային եկամուտների կրճատումը կհանգեցնի էլ ավելի մեծ տնտեսական անկման: Ռուսաստանի պաշտոնական արձագանքներն այս հարցի շուրջ տարաբնույթ են; Մի քանի օր առաջ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց՝ նավթի գնանկման շարունակվելու պարագայում անհրաժեշտ կլինի նախապատրաստվել տնտեսության «վատագույն սցենարին»։ Այնինչ երեկ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վստահեցրեց, թե փոխարժեքի ընթացիկ փոփոխությունը չի կարելի դիտարկել «փլուզում»: Միջազգային վերլուծաբաններն ավելի վատատես են՝ նրանց գնահատմամբ, եթե 2016 թվականին Ռուսաստանի տնտեսությունը նույն կերպ անկում ապրի, ինչպես 2015-ին, ապա դա ոչ թե հերթական ճգնաժամը կլինի, այլ շարունակական անկման սկիզբը: Վատատեսական է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը, ըստ որի՝ 2016թ-ին Ռուսաստանի տնտեսության անկումը 0,6 տոկոսից հասնելու է 1-ի: ԱՄՀ-ի հաշվարկների համաձայն՝ 2017 թվականին Ռուսաստանի համախառն արդյունքը կկրճատվի 1 տոկոսով: Այս ամենի ֆոնին ՌԴ-ում չեն բացառում անգամ սեկվեստորի՝ բյուջեի ծախսերի կրճատման հավանականությունը: Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը տեղեկացրել է, որ նախարարություններին հանձնարարվել է առաջարկներ ներկայացնել` ծախսերը 10%-ով կրճատելու համար։ Թեպետ Հայաստանը նավթի գների անկումից անմիջական վնասներ չի կրում, ավելին՝ ակնկալում է Ռուսաստանից ներմուծվող էներգակիրների սակագնի իջեցում, բայց ռուսական տնտեսության բացասական ազդեցությունը մեր վրա ակնհայտ է: Հիմնականում այն դրսևորվում է տրանսֆերտների կրճատմամբ, ինչի հետեւանքով էլ կրճատվում են նաեւ ապրանքաշրջանառության ծավալները: Համաշխարհային բանկի մասնագետների գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսության յուրաքանչյուր 1 տոկոս անկումը Հայաստանի տնտեսական աճի տեմպը նվազեցնում է 0,6 տոկոսային կետով։ Իսկ Հայաստանում արդեն անհանգստանում են Ռուսաստանի՝ վարկային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման հարցով։ Շատերը համոզված են՝ Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակի հետևանքով այդ երկիրն ի վիճակի չի լինելու կատարել պարտավորությունները: