«Նաիրիտը» կաշխատի. նաիրիտցիներին ոգևորեցին փոխնախարարի խոստումները (տեսանյութ)
12.20 Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մոտ նաիրիտցիներին ընդառաջ դուրս եկավ փոխնախարար Լևոն Շահվերդյանը, զրուցեց նրանց հետ և անդրադարձավ Միջպետական բանկի կողմից «Նաիրիտ»-ին զիջած պարտքերին։ Փոխնախարարը նշեց, որ այժմ արդեն կա ռուսական 3 կազմակերպություն, որոնք հետաքրքրված են «Նաիրիտ»-ի վերագործարկմամբ, այժմ բանակցություններ են ընթանում։ Նա նաև վստահեցրեց, որ վերագործարկման դեպքում նախկին աշխատակիցներից լավագույնները կվերականգնվեն իրենց աշխատատեղերում։ Նաիրիտցիներին փոխնախարարի խոսքերը ոգևորեցին։ Հաջորդ հավաքը կառավարության մոտ՝ հունվարի 27-ին։ 12.00 «Նաիրիտ» գործարանի վերագործարկման պահանջով այսօր Կառավարության շենքի մոտ են հավաքվել նախկին աշխատակիցները: Մեզ հետ զրույցում նրանք նշեցին, որ այսօր որևէ պահանջ կամ նամակ չեն հանձնելու Կառավարությանը, չեն սպասում Կառավարության որևէ ներկայացուցչի, որ կիջնի իրենց ընդառաջ: Նրանք եկել են խորհրդակցելու միմյանց հետ, քննարկելու կազմակերպչական հարցեր: Նրանք այս պահին որոշեցին երթով շարժվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության շենքի մոտ, որտեղ այժմ ասուլիս է տալիս նախարար Երվանդ Զախարյանը: Նաիրիտցիները կփորձեն ներս մտնել, որպեսզի ասուլիսին անձամբ ներկայացնեն իրենց պահանջները: