Ի՞նչ է պետք Հայաստանի ժողովրդավարացման համար
Ինչպե՞ս կարող է 25 տարի Հայաստանում շարունակվել տնտեսական անկումը, մեծանալ աղքատների թիվը, արտաքին պարտքի հսկայական աճ արձանագրվել, սակայն երբեք ժողովուրդը ընտրության միջոցով չփոխի իշխանությունը: «Հայաստանում որպես այդպիսի ժողովրդավարությունը չի գործում: Հայաստանում տեղի են ունեցել 5 նախագահական և 5 խորհրդարանական ընտրությունները, որոնցից որևէ մեկը չի համապատասխանել ժողովրդավարության սկզբունքներին»,- ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Ըստ նրա՝ Հայաստանի ժողովրդավարացման հույս առաջացավ 2001 թվականին, երբ մեր պետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ ու պարտավորություններ ստանձեց՝ բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների ոլորտում: Իրավապաշտպանը նշում է. «Սպասելիքներն ավելի մեծ էին, քան իրականում եղավ, որովհետև շատ հարցեր թղթի վրա լուծվեցին, բայց իրականությունն առանձնապես չփոխվեց»: Ժողովրդավարական է այն երկիրը, որտեղ իշխանություններն զգայուն են հասարակական կարծիքի նկատմամբ, կա ճնշում ժողովրդի կողմից և ազատ խոսք: Ըստ Բորիս Նավասարդյանի՝ խոսքի ազատության ոլորտում հետքայլ արձանագրվեց 2002 թվականին, երբ եթերազրկվեց Ա1+-ը: «Լրատվամիջոցների այդ տեսակը Հայաստանում չզարգացնելու կամ հնարավորությունները փակելու արդյունքում լինելու է մեր տեղեկատվական անվտագության համար լուրջ մարտահրավեր: Որովհետև Ա1+-ը այն տեսակն էր, որը ձգտում էր մարդկանց պահել իրազեկված»: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին էլ անհանգստացնում է բռնությունները ակտիվ քաղաքացիների նկտմամբ: «Իշխանության կողմից մենք չենք տեսնում զսպող որևէ մեխանիզմ: Դեպքերի վերաբերյալ որևէ հայտարարություն, որևէ ճնշում չի օգնում»: Հայաստանում մարդու իրավունքների առավել բարձր պաշտպանվածության հասնելու համար մեծ է քաղաքացիական հասարակության դերը: Լարիսա Ալավերդյանը նշում է. «Քաղաքացիական հասարակության զարգացումն է շարժիչ ուժը ցանկացած պետության: և մենք չենք կարողանում անել այն, ինչ պարտավոր ենք»: Փորձագետները համոզված են՝ Հայաստանի ժողովրդավարացմանը հասնելու համար անհրաժեշտ է հասարակական մեծ ճնշում և իշխանությունների մոտ բարեփոխումներ իրականացնելու ցանկություն: