Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ անհայտ բացակա են ճանաչել». Սիրիահայը վիրավորված է

Կարևոր լուրեր Հասարակություն
12506827_976962039042549_2031682128_n

«Ուր էլ, որ գնանք, Սիրիա չի լինի, Սիրիայի կյանքը չենք ապրի»,- ասում է Տաթևիկ Թախտաջյանը, որ ամուսնու և երեխաների հետ 2 տարի առաջ Հայաստան է եկել Հալեպից: Թախտաջյանների ընտանիքը ապրել է Հալեպի Նոր Գյուղ թաղամասում, որը պարբերաբար ռմբակոծության է ենթարկվել: «Մեր տան դիմաց ահաբեկիչներն էին, իսկ հետնամասում զինվորները, երեք տարի անընդմեջ ապրել ենք այդ ռմբակոծությունների մեջ, քանի որ սկեսուրս անդամալույծ էր: Նրա մահից հետո երեք շաբաթ մնացինք եկեղեցու սրահում, մինչև ռմբակոծությունները մի փոքր կհանդարտվեին: Ամեն ինչ թողել ու եկել ենք, աչքներիս ոչ մի ուրիշ բան չէր երևում, միայն երեխաները ապահով լինեին»: Տիկին Թախտաջյանը պատմում է, որ վերադառնալու համար նրանք ստիպված են եղել հասնել Լիբանան, Դուբայ, ապա միայն նոր Հայաստան: «Հատկապես վտանգավոր էր դեպի Լիբանան ճանապարհը: Հալեպից Լիբանան առհասարակ տևում է 3-4 ժամ, իսկ մենք այնտեղ հասանք 18-19 ժամում: Ճանապարհին մեր հետևից եկող ավտոբուսի վրա կրակ բացեցին, որի արդյունքում երկու հոգի մահացան և բավականին շատ մարդիկ վիրավորվեցին: Սահմանին ինչ-ինչ խոչընդոտներ առաջացան, բայց մի կերպ կարողացանք անցնել: Մեր հարևանի տանը երեք օր մնացինք եւ շարունակեցինք ճանապարհը»: 12528032_976962035709216_723005207_n Տիկին Թախտաջյանը ծնունդով Գյումրիից է, այդ իսկ պատճառով նրա համար խնդիր չի եղել քաղաքին հարմարվելը, իսկ ութամյա դստեր համար սկզբնական շրջանում խնդիրը հիմնականում լեզվի հետ է կապված եղել: «Սկզբում, որ հաճախում էր դպրոց, հայերեն լավ չգիտեր, համադասարանցիները լեզուն չէին հասկանում, ծիծաղում էին, ինքն էլ դպրոց չէր ուզում գնալ, բայց ժամանակի ընթացքում քիչ-քիչ սովորեց, հիմա նույնիսկ Գյումրվա բարբառով է խոսում, դաշնամուրի, պարի, նկարչության դասերի էլ է հաճախում»: Ընտանիքում աշխատում է միայն ամուսինը, ով խառատ է, իսկ տիկին Թախտաջյանը վարսահարդար է, ինչպես նաև գոբելենագործ-ժանյակագործ, սակայն չի աշխատում: «Դիմել եմ մի քանի խանութներ, նույնիսկ Երևանում եմ փորձել, 20 օր Գյումրիից գնում էի այնտեղ աշխատանքի, սակայն չստացվեց: Նախքան այստեղ գալը մտածում էինք` կգանք, տուն կգնենք, այստեղ կհաստատվենք, բայց հիմա տեսնում եմ, որ 10 տարի էլ ապրենք, աշխատենք այստեղ, չենք կարողանա մի տուն գնել: Այստեղ պարզապես ժողովրդին հնարավորություն չեն տալիս աշխատելու: Ամուսինս Սիրիայում արհեստանոց ուներ, տարեկան վճարում էինք ընդամենը 150 դոլար հարկ, իսկ այստեղ դեռ չբացած, արդեն խոչընդոտում են: Այդ իսկ պատճառով այնտեղի մեր ընկերները հետ են կանգնել այստեղ գալու և որևէ բիզնես դնելու մտքից»: Այն հարցին, թե արդյոք ցանկանո՞ւմ են այստեղ շարունակել ապրել, նա պատասխանեց. «Ուզում ենք այստեղ ապրել, բայց երեխաներիս ապագան այստեղ չեմ տեսնում, միգուցե գնանք արտերկրում գումար վաստակենք և հետ վերադառնանք: Հատկապես երեխաներս շատ են սիրում Գյումրին, այն կարծես Քեսաբը լինի, մարդիկ շատ ջերմ են այստեղ: Հաճախ էինք Քեսաբ գնում հանգստանալու. որ կողմ գնում էիր, հայեր էին, խանութների ցուցանակներին՝ հայերեն գրություններ: Տիկին Թախտաջյանը նշում է, որ նման ցանկության պատճառ է նաև եղել արդարության բացակայությունը: Երկրաշարժից հետո հասանելիք 4 սենյականոց բնակարանի փոխարեն 1 սենյականոցն է հանձնվել հորաքրոջը, իսկ նա զրկվել է իրեն հասանելիք բաժինը ստանալու իրավունքից: «2006 թվականին, երբ գնացի Սիրիա, ես հատուկ չհրաժարվեցի Հայաստանի քաղաքացիությունից, ամեն անգամ գնում էի դեսպանատուն, վճարում 28 դոլար, ինչով հաստատվում էր, որ ես Հալեպում ժամանակավորապես եմ բնակվում: Գիտեի, որ ունեմ ինձ հասանելիք բնակարան, և ամեն անգամ, երբ գալիս էի այստեղ լիազորագիր էի թողնում հարազատներիս մոտ: Բայց փաստորեն, առանց ինձ հաշվի առնելու, տեղեկացնելու ինձ անհայտ բացակա են ճանաչել և զրկել իմ բաժինը ունենալու իրավունքից առանց որեւէ հիմնավորման»: Տիկին Թախտաջյանը դիմել է տարբեր կառույցների՝ ՀՀ քաղշիննախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Արդարադատության նախարարություն, սակայն ցայսօր ոչ մի արդյունքի չի հասել: «Այստեղ այնպիսի դրության մեջ են դնում, որ պարզապես գերադասում ես գնալ»: 12498533_976964319042321_1743929168_n