«Պերմյակովը չէր կարող մենակ գործել». Ավետիսյան ընտանիքի հարազատներ (տեսանյութ)
Գյումրիում Ավետիսյան ընտանիքի յոթ անդամի դաժան սպանությունից մեկ տարի անց Մյասնիկյան փողոցում գտնվող նրանց տան դուռը կրկին բացվեց: Կորստի վիշտը սգացող հարազատներն են եկել այցի: Ո՞րն էր սպանության իրական դրդապատճառը, արդյո՞ք միայնակ կամ ո՞ւմ պատվերով է գործել ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը։ Անպատասխան հարցերի շարքը վրդովվեցնում է սպանդի ենթարկված Ավետիսյան ընտանիքի հարազատներին: Ռիտա Պետրոսյանին հատկապես զայրացնում է Պերմյակովի՝ սատանիստ լինել-չլինելու հանգամանքը: Մեկ տարվա ընթացքում, ըստ փաստաբան Նորայր Նորիկյանի, հայաստանյան իրավապահ համակարգը չի օգտագործել իր լիազորությունների ու իրավունքների ամբողջական ծավալը։ Նա ֆուտբոլային տերմինաբանությամբ է նկարագրում իրավիճակը: «Մենք թույլ տվեցինք ռուսական կողմին մեր դաշտում պաշտպանվել ու անցնել հարձակման, գրավել մեր դարպասը, զրկել մեզ պաշտպանությունից և հակախաղի որևէ հնարավորությունից՝ ստիպելով անգամ մի քանի ինքնագոլեր գրանցել: Մեզ բաժին հասավ տխուր հանդիսատեսի կարգավիճակը»: Ավետիսյան ընտանիքի հիշատակը հարգելու նպատակով այսօր Գյումրիում էին քաղաքական գործիչներ, սովորական քաղաքացիներ։ Բառերն այսօր ավելի զուսպ էին, քան մեկ տարի առաջ։ Իսկ անցած տարի այս օրերին Գյումրին, նաեւ Երեւանը ալեկոծված պահանջում էր ապանդն իրականացրած Վալերի Պերմյակովին հանձնել հայկական կողմին։ Ավետիսյան ընտանիքի հուղարկավորությունից հետո կրքերն ավելի թեժացան: Ոստիկանության հետ բախումներից հետո 19 հոգու մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով: Այս գործով դեռևս ընթանում է նախաքննություն: 2015-ի օգոստոսին Ռուսաստանի Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանը Վալերի Պերմյակովին 10 տարվա ազատազրկման դատապարտեց՝ զենքով դասալքություն կատարելու, հրաձգային զենք, զինամթերք հափշտակելու և ապօրինի կրելու համար: Իսկ սպանության գործը քննում է հայկական կողմը՝ ռուսական ռազմաբազայում։ Առայժմ դատական մեկ նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ հայտարարվել է, թե Պերմյակովը եղել է սատանիստական խմբի անդամ և, որ հանցագործության պահին հոգեպես առողջ է եղել: Դատական հաջորդ նիստը հունվարի 18-ին է նշանակված: Ավետիսյանների հարազատներն արդեն հայտարարել են դատական նիստը բոյկոտելու մտադրության մասին: