Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գեներալների պագոնները պետք է պոկվեին ամեն սպայի զոհվելիս» (տեսանյութ)

Քաղաքականություն
3b89070aee927d19cffdb186b88539be

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վստահ է, որ որքան շատ ու որակյալ զենք Ռուսաստանն ուղարկի Հայաստանի իր ռազմաբազա, այնքան լավ մեզ համար: Հնարավո՞ր է, որ սա արվում է՝ Թուրքիայի հետ պատերազմ սկսելու համար. «Ես չեմ հավատում, չեմ պատկերացնում, որ Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի դեմ պատերազմ սկսել: Թուրքիա ասելով, ոմանք պատկերացնում են ենիչերիներներին՝ յաթաղանով, բայց Թուրքիան ՆԱՏՕ-ն է: Ռուսաստանը պատերազմ չի սկսի ՆԱՏՕ-ի դեմ»: Գործչի համար մի բան պարզ է՝ երկու գերտերություններ՝ Թուրքիան և Ռուսաստանն այսօր մրցակցում են: «Կարծում եմ, որ կոնֆլիկտը լուրջ է: Հույս ունեմ, որ այն կավարտվի Մոսկվայի 1921 թվականի մարտի 16-ի կոնֆերանսը չեղյալ հայտարարելով: Ղարաբաղյան հարցի այսօրվա լուծման ուղին հենց կոնֆերանսի վերանայման կետերից մեկն է: Դրա կետերի վերանայում տեղի կունենա, ինչը մեզ համար լավ է»,-շեշտեց պարոն Արշակյանը: ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն իր հերթին նշեց. «Մեր հարևանին նմանեցնում եմ գյուրզայի, բայց գյուրզան զգուշացնում է կծելուց առաջ, այս հարևանը չի զգուշացնելու երբեք: Թուրքիան այսօր մտել է Իրաքի տարածք լկտիաբար, սրիկայաբար, և այնտեղից դուրս չի գալիս, Միացյալ նահանգներն են հորդորում, ՆԱՏՕ-ն է հորդորում: Բայց սա քաղաքական մեծ բլեֆի փոքրիկ հատվածն է միայն: Հիշեք անգլիացիների հեքիաթը, որ այս նավերն այդ լեռները չեն բարձրանա: Ի՞նչ կապ ունի՝ նավերը լեռները կբարձրանան, թե ոչ, եթե դուք ուղիղ կարող եք այդ սրիկաների՝ երիտթուրքերի վրա ազդել»: Պարոն Եղիազարյանը վստահ է, որ պետք է չափազանց զգույշ լինել. «Իրաքի կառավարությունն ամբողջապես ձևավորել է Միացյալ նահանգները: Բա եթե նրա ուղիղ հայացքի ներքո է Իրաքը, ինչպե՞ս է Թուրքիան մտել այնտեղ և ոչ մի սանկցիա չկա, ոչ մի ծպտուն: Իրաքը մոտ 30 Հայաստանի տարածքն ունի: Բա այս փոքրիկ Հայաստան եթե մտնեն վաղը, մյուս օրն, ի՞նչ ենք անելու: Այնպես որ զինատեսակները, Ռուսաստանի ներկայությունն Արաքսի ափին ավելի, քան կարևոր է մեզ համար: Մենք չենք իմանում, թե այդ գյուրզան՝ այդ Դավութօղլուների և այլ օղլուների, Էրդողանի գլխավորությամբ ինչպես կվարվեն փոքրիկ Հայաստանի հետ: Գործիչը վստահ է, որ Թուրքիան այլ հավակնություններ էլ ունի. «Սա աստիճանաբար սողոսկում է, ցանկանում է քիթը մտցնել Արցախի և Ադրբեջանի ուղղակի գործընթացի մեջ»: Իսկ սահմանին պարբերաբար մեր զինվորների կորստի դեպքերի առթիվ նա նշեց. «Արցախի նախագահը կարող է շատ հանգիստ մտնել բանակցային գործընթացի մեջ, մենք պետք է դուրս գանք: Մինչև հիմա մենք միջազգային չափորոշիչներին համապատասխան ենք գործել: Իհարկե, երկրներ կան, որ քնում ու երազում են, որ այդ բախումը լինի»: Ազատ Արշակյանն իր հերթին վստահ է, որ հակառակորդին հասցված խոցումը շատ ավելի ուժեղ պետք է լինի: «Մենք չպետք է այլևս ըմբռնումով մոտենանք: Մեր իշխանությունները պետք է շատ թանկ գնահատեն մեր զինվորների կյանքը: Ինչպես մատների արանքով են նայում արտագաղթին, ինչպես ունեցվածքն են բաժանել անհամաչափ, այնպես էլ սա...Մենք քանի սպա ենք զոհ տվել. պետք է հրաժարականների շարք լիներ, գեներալների պագոնները պետք է պոկվեին՝ ամեն սպայի զոհվելիս»: Գուրգեն Եղիազարյանն էլ հավելեց. «Մեր ուղղաթիռը խոցեցին, դրանից հետո մեզ մոտ ոչ մեկի ականջից չբռնեցին ու չշպրտեցին համակարգից դուրս: Դիակների հետ բերելու վրա էին ուրախանում, բայց մենք երեք պայծառագույն սպա կորցրինք»: