Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ` ԼԻՆԱՐԵՍԻ ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

Սպորտ

23-ամյա հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը եւս մեկ փայլուն հաջողության հասավ: Աշխարհի գավաթը նվաճելուց հետո Արոնյանը դարձավ Լինարեսի սուպերմրցաշարի հաղթող, որի մրցանակային հիմնադրամը 380 հազար եվրո էր:

Վերջին տուրից առաջ Լեւոնը Թոփալովի, Լեկոյի եւ Ռաջաբովի հետ 7.5-ական միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը եւ 14-րդ տուրում սեւերով պետք է մրցեր Լեկոյի հետ, որը մրցաշարի 1-ին տուրից գլխավորում էր աղյուսակը: Իսկ Թոփալովը եւ Ռաջաբովը հանդիպելու էին համեմատաբար համեստ մրցակիցների` Վալեխոյի եւ Բաքրոյի հետ: Նման իրավիճակում Արոնյանի հաղթելու հնարավորությունները այնքան էլ նպաստավոր չէին: Սակայն Լեւոն Արոնյանը հիանալի պարտիա անցկացրեց` սեւերով պարտության մատնելով Լեկոյին եւ քանի որ Թոփալովը եւ Ռաջաբովը իրենց պարտիանները ոչ-ոքիով ավարտեցին, ուստի 8.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Արոնյանը:

Հայ շախմատիստը ընդամենը 2-րդ անգամ էր մասնակցում նման բարձր կարգ ունեցող մրցաշարի, որտեղ բացի նրանից հանդես էին գալիս եւս 7 բարձրակարգ գրոսմայստերներ: Լինարեսի մրցաշարը աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարերից է, որտեղ նախկինում որպես կանոն հաջողության էր հասնում Գարրի Կասպարովը: Պատահական չէ, որ իր շախմատային կարիերան Կասպարովը անցած տարի որոշեց ավարտել հենց Լինարեսի սուպերմրցաշարում: Կասպարովը նախորդ տարվա մրցաշարում Թոփալովի հետ միասին գրավեց 1-ին տեղը:

Լինարեսի մրցաշարը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Արոնյանի հաղթանակը աշխարհի գավաթի խաղարկությունում օրինաչափություն էր: Բացի այդ Լինարեսում հաղթելը անհամեմատ դժվար է, քան աշխարհի գավաթը նվաճելը: