Վահան Բաբայանը՝ «ընդդիմադիր զոմբիացած խմբակներ»-ի մասին (տեսանյութ)
Ամփոփելով անցնող տարին՝ ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին, հանրաքվեին եւ ՍԴ դիմելու՝ ԱԺ ընդդիմադիր մի շարք ուժերի նախաձեռնությանը: Ըստ նրա՝ ՍԴ դիմած քաղաքական այն ուժերը, որոնք բարձրաձայնում են տոտալ կեղծարարության մասին, պետք է էլեմենտար հաշվարկելու ունակություն ունենային. «Ես հարյուր տոկոսանոց խախտումները բացառում եմ: Ասենք, կեղծվել է հազար ձայն ընդամենը յոթանասուն ընտրատեղամասում, սակայն նույնիսկ այդ դեպքում անհնարին է, որ դա ազդեցություն ունենա վերջնական արդյունքների վրա»: Վահան Բաբայանի խոսքերով՝ ընդդիմության այն ուժերը, որոնք բարձրաձայնում են տոտալ ընտրակեղծիքների մասին, ընտրատեղամասերում չունեին այնքան մարդկային ռեսուրս, որ ձայն պահեին. «Մի քանի խախտում դարձրին միջազգային ստանդարտ: Հասարակությունը շատ լավ հասկանում է՝ հրապարակում այսօր կանգնած է արձակուրդային ու բյուլետենային ընդդիմություն: Իսկ ՍԴ դիմելու համար այդ ուժերը ստորագրահավաք արեցին՝ շատ լավ հասկանալով, որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են եւ դրա համար պետք է անպայման շատ բարձր գոռալ ու քննադատել՝ ունենալու համար գոնե թեթեւակի շանս հայտնվելու ԱԺ-ում»: Վահան Բաբայանի վստահեցմամբ՝ եթե լինեն ընտրակեղծիքների հստակ փաստեր, ԲՀԿ-ն չի կարող աչք փակել դրանց վրա. «Իսկ ընտրատեղամասերում ԲՀԿ որոշ ներկայացուցիչների պահվածքը քննադատելու նպատակն այն էր, որ դա բերվեր քաղաքական դաշտ ու որոշ ընդդիմադիր զոմբիացած խմբակներ վարկաբեկեին մեզ: Անուններ չեմ տալիս՝ ամանորյա տրամադրությունը չփչացնելու համար»: