Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով միայն մեկ գործ կա դատարանում (տեսանյութ)
Բաղրամյան պողոտայի հայտնի դեպքերից անցել է 6 ամիս, բայց լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներից որեւէ մեկը դեռ պատասխանատվության չի ենթարկվել: «Այս գործն ի սկզբանե վարում էր 1 քննիչ, որը մատների արանքով գործին նայելու փորձ կարող է դիտվել եւ ցինիկ մոտեցում: Գլխավոր դատախազը ցուցում էր տվել ՀՔԾ-ին, որ ձեւավորվի քննչական խումբ: Երբ ձեւավորվեց այդ խումբը, իմ շփումները լրագրողների եւ փաստաբանների հետ ցույց տվեցին, որ այդտեղ ներգրաված ոչ բոլոր քննիչներն են, որ պատշաճ փորձ ունեն եւ կարող են այդ գործը վարել»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Քրեական գործով 31 հոգի ճանաչվել է տուժող, նրանցից 14-ը ԶԼՄ ներկայացուցիչ է: Սակայն գործով որեւէ մեղադրյալ կամ կասկածյալ չկա: Սա մասնագետների գնահատմամբ խոսում է Հատուկ քննչական ծառայության որակի մասին. «ՀՀ-ում դեռեւս օրենքի գերակայությունը չի ճանաչվել եւ մեր երկիրը դեռ պատրաստ չէ քրգործեր հարուցել այն պաշտոնյաների, ոստիկաների նկատմամբ, որոնք վերեւների հրամաններն են կատարել եւ անցել են իրենց լիազորությունների շրջանակը»,- ասում է Աշոտ մելիքյանը: Ու քանի որ Հայաստանում, այս հարցի լուծումը գտնել հնարավոր չէ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն որոշել է խնդիրը տեղափոխել միջազգային ատյաններ։ «Հայաստանում կա համակարգային խնդիր՝ լրագրողների հանդեպ բռնության դեպքերով կամ քրեական գործ չի հարուցվում, կամ գործը կարճվում է: Մենք լրջորեն պատրաստվում ենք գործընթացին,- ասում է փաստաբան Արա Ղազարյանը: Ի դեպ, վերջին 7-8 տարիների ընթացքում Հայաստանում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու հատկանիշներով միայն մեկ գործ է մուտք գործել դատարան։ Ինչ վերաբերում է «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի գործին, ապա պաշտպաններն արդեն դիմել են Վճռաբեկ դատարան՝ քրեական գործ հարուցելու պահանջով։ Հիշեցնենք, որ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։