«Ղարաբաղյան խնդիրը ծառայեցվում է ի շահ գլոբալ խաղացողների» (տեսանյութ)
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև վաղվա հանդիպումից որևէ ակնկալիք չունի: Ղարաբաղյան կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակը բանախոսը պայմանավորում է արտաքին խաղացողների թելադրանքով. «Եվ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը գտնվում են այդ արտաքին թելադրանքի ներքո:Նրանք ընդունել են այդ բանաձևը և դրանով են աշխատում»։ Ըստ պարոն Մանուչարյանի՝ կա միայն մեկ գործոն, որը կարող է դրական ազդեցություն ունենալ լարվածության թուլացման վրա: «Վերջին շրջանում նկատվում են ռուս-ամերիկյան որոշակի գործարքներ՝ ինչ-ինչ հարցերում եկել են համաձայնության: Ղարաբաղի հարցը բացարձակապես չի մտնում դրանց մեջ, բայց ընդհանուր մթնոլորտը դարձնում են այնպիսին, որ Ռուսաստանը չգնահատի ԱՄՆ-ի ամեն մի գործողություն որպես հատուկ իր դեմ ուղղված սադրանք:Այս տեսակետից աշխատում են այդպիսի ուղղությունները նվազեցնել, քանզի Ռուսաստանն համարյա ամեն օր հայտարարում է, որ պատրաստ է միջուկային պատերազմի»,-նշեց Աշոտ Մանուչարյանը: Վերջինիս համոզմամբ՝ ստեղծված գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակում շահագրգռվածություն կա Ռուսաստանի և Միացյալ նահանգների կողմից Ադրբեջանի հատվածում իրավիճակը խաղաղ պահելու համար: Այս համատեքստում Մանուչարյանը ընդգծում է. «Ես այսօր չեմ բացառում այդպիսի քայլեր այդ ուղղությամբ, բայց բոլոր դեպքերում ես տեսնում եմ, որ այս պահին դա է իրենց պետք, հաջորդ պահին իրենց կարող է պետք լինել կողմերի միջև սրացում, ուրեմն այդպես կանեն: Մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր փոխարեն որոշեն ուրիշները, քանի որ այսօր մենք ունենք այն հնարավորությունները, ինչ պատերազմի տարիներին»: