11 ամսում կողմերն ունեցել են 53 զինվորական և 3 քաղաքացիական կորուստ (տեսանյութ)
Հայ-ադրբեջանական սահմանին դեկտեմբերի 4-ից ի վեր լարվածությունը մեծացել է, սակայն իրավիճակը հեռու է պատերազմականից: Ադրբեջանը վստահ չէ որ կհաղթի հայկական կողմին, բացի այդ՝ նրան չի հաջողվի միջազգային հանրությանը համոզել պատերազմի լեգիտիմությունը: «Ադրբեջանը զսպված է խոշոր մասշտաբի ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությամբ, բայց և մյուս կողմից ակնհայտորեն Ադրբեջանը չի հրաժարվել մեկ այլ ռազմավարությունից, դա Հայաստանին մեծ կորուստներ պատճառելն է: Կարծեք թե Ալիևի հիմնական անելիքը դարձել է ուղղակի հասարակությանը շատ մեծ ցավ պատճառել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը: Վերջին 10 օրերին հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի լարման հետևանքով կողմերն ունեցել են 6 զոհ: 2015-ը սահմանում ամենալարվածներից է հրադադարի հաստատումից ի վեր: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ եթե 2003 թվականին հակամարտության կողմերն ունեցել են 19 զինվորի կորուստ, 2014-ին այդ թիվը եղել է 64 զինվոր եւ 8 քաղաքացիական անձ: Այս տարվա 11 ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական կողմերն ունեցել են առնվազն 53 զինվորականի և ևս 3 քաղաքացիականի կորուստ: Լարելով իրավիճակը շփման գծում՝ Իլհամ Ալիևն ուզում է Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից առաջ ավելի ամուր դիրք ստանալ: Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանի խոսքերով՝ Ադրբեջանը շատ է որգևորվել նրանից, ինչ տիրում է Թուրքիայում: «Նա համարում է ,որ հիմա ավելի մեծ քաղաքական կապիտալով է ներկայանում միջազգային ասպարեզմում»: Սակայն քիչ հավանական է, որ Թուրքիան փորձի ակտիվ ռազմական գործողություններ հրահրել Ռուսաստանի ազդեցության գոտի համարվող Անդրկովկասում: Ռուսաստանը դա թույլ չի տա: Այս համատեքստում պարոն Սաֆարյանը նշում է. «Ռուսաստանը ապակայունացման ցանկացած գործողություն դիտելու է որպես իր շահերին ուղղված քայլ և դա մենք լսում ենք ռուս փորձագետների շուրթերից»: Առաջիկայում Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծում քիչ հավանական է: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը հույս չունի նախագահների առաջիկա հանդիպումից: «Դա բացարձակապես ոչինչ չի տալու խնդրի լուծման վերաբերյալ, միգուցե ծանր սպառազինությունների հետքաշում լինի»,-շեշտեց Արման Նավասարդյանը: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ լավագույնը, ինչ կարող է լինել Հայաստանի համար առաջիկա հանդիպման արդյունքում՝ Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ բերելն է, ինչը փորձելու են անել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: