Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ Էդմոն Մարուքյանի`իրենք վտանգավոր են իշխանության համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
electric-nkar

«Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարն ավարտվեց՝ առանց հայտարարելու՝ կուսակցությունը հանդես է գալու ընդդիմադի՞ր, թե՞ մերձիշխանական դաշտում։ «Այն, որ կուսակցությունը ընդիմադիր է, դա դասական քաղաքականության կանոն է առաջին հերթին։ Մենք հայտարարել ենք հստակ՝ Լուսավոր Հայաստանը ընդդիմադիր քաղաքական միավորում է և չի կիսում գործող իշխանությունների թե ներքին թե արտաքին վարած քաղաքականությունը»,- համագումարին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ասում է ԱԺ անկախ պատգամավոր, կուսակցության խորհրդի նորընտիր նախագահ Էդմոն Մարուքյանը: Հայտնի է, որ Հայաստանում ընդդիմադիր կուսակցություններին միշտ չի բավարարում ֆինանսական կապիտալը, ի՞նչ ռեսուրսերից է սնվում «Լուսավոր Հայաստանը». «Մոտավորապես 6 ամիս գործում է նախաձեռնությունը, ամբողջ ֆինանսական ներդրումները կատարվել են նախաձեռնող խմբի կողմից»։ Լեգիտիմ արդյոք համարո՞ւմ է «Լուսավոր Հայաստանը» դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքը, որի արդյունքում հաստատվեց իշխանությունների կողմից առաջարկված նախագիծը, Էդմոն Մարուքյանը պատասխանում է. «Մենք լեգիտիմության հետ կապված խնդրին բազմիցս պատասխանել ենք, ՀՀ-ում 25 տարի է քաղաքական համակարգը մի փակ շրջափուլի մեջ է և անընդհատ խոսվում է լեգիտիմության մասին։ Խոսվում է, որ լեգիտիմ չէ որևէ մարմին, այդ թվում նաև խորհրդարանի ընդդիմադիր ուժերը լեգիտիմ չեն։ Բայց մենք ինչ մոտեցում ունենք կոնկրետ հանրաքվեի հետ կապված՝ մենք չենք զարմացել, մենք զարմացել ենք, որ մարդիկ զարմացել են։ Եղել են զանգվածային, մասսայական ընտրախախտումներ, որոնց մասին եղել են բազմաթիվ հաղորդումներ»։ Տեսակետ է հնչում, որ «Լուսավոր Հայաստանը» հովանավորվում է իշխանությունների, և մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից։ Այսինքն՝ նպատակը հետևյալն է՝ ունենալ վերահսկելի և փափուկ ընդդիմություն, որը վտանգ չի լինի իշխանության համար և ժողովրդին էլ հեռու կպահի փողոցային պայքարի մտադրությունից, միաժամանակ նրան տեղ տալ 2017 թվականին ձևավորվելիք Ազգային Ժողովում։ Էդմոն Մարուքյանը նախ հայտարարում է, որ աշխատելու են չմեկնաբանել այսպիսի հայտարարությունները, բայց քանի որ սա կուսակցության առաջին համագումարն է, նա որոշում է խոսել. «Բոլոր նորաստեղծ կուսակցությունների մասին են նման լուրեր տարածում։ Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են նման լուրեր տարածել, նրանք հասկանում են, որ նոր քաղաքական ուժերն իրենց առօրյա հացը պետք է կտրեն ընդդիմադիր դաշտում։ Այդ ուժերն ավելի առանցքային են, ավելի համակարգված են, ավելի ինստիտուցիոնալ են, ավելի են խարսխված արժեքների վրա։ Մենք չենք որդեգրելու այն մոտեցումը, որ մեզ ասեն դուք ուղտ եք, մենք ասենք՝ չէ ուղտ չենք»: Նա պատասխանում է նաև ապագայում որպես «փափուկ ընդդիմադիր ուժ» հանդես գալու գնահատականներին. «Հայաստանի Հանրապետությունում 25 տարում փողոցային պայքարը որևէ բան չի տվել, քան հասարակությունը բևեռացնել, կիսել իրար, ատելություն սերմանել իրար նկատմամբ, վերջում դա ավարտել բուռն արտագաղթով։ Հիմա եթե որևէ մեկը գտնում է, որ այդ փողոցային պայքարն արդյունավետ է, թող շարունակի այդ ձևով պայքարել»։ Ըստ նրա՝ իշխանության համար ամենավտանգավոր քաղաքական ուժերը «Լուսավոր Հայաստանի» նման քաղաքական ուժերն են։