«Խորհուրդ կտամ զրպարտողների ու պրովոկատորների նկարներն էլ դնել» (տեսանյութ)
ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերին, թե հանրաքվեն կեղծվել է 485 հազարով, ասաց. «Բավականին առաջընթաց կա նրա մոտ՝ սկզբում ասում էր կա վեց հարյուր հազար է, մի շաբաթ էլ համբերենք ու նրա մաթեմատիկական ունակությունները կլավանան ու կպարզվի, որ ոչ մի կեղծիք էլ չի եղել: Ասեմ, որ նման թվեր չկան ու պետք չէ մոլորեցնել մեր ժողովրդին»: Ինչ վերաբերում է ընդդիմության հանրահավաքներին, պարոն Բաղդասարյանը նշեց, որ նրանք վերջիվերջո իրենց դեմքը պետք է պահեին՝ այդքան կոչերից, հայտարարություններից հետո: Իսկ Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությունը, թե պետք է կազմել բոլոր ընտրակեղծարարների նկարներն ու հրապարակել, Վահրամ Բաղդասարյանն իր տարբերակն առաջարկեց. «Շատ ուրախ եմ, որ այդ գործընթացը կազմակերպում է ձեր նշած այդ տիկինը: Ես խորհուրդ կտամ զրպարտողների ու պրովոկատորների նկարներն էլ դնի ու լրացված կլինի այդ ցանկը»: Ինչ վերաբերում է ԲՀԿ եւ ՀՅԴ հետ կոալիցիա կազմելու բանակցություններին, նա ասաց. «Նման բանակցություններ ու քննարկումներ չկան: Կրկնում եմ, որ ՀՀԿ-ն որեւէ մեկ անգամ չի խուսափել կոալիցիաներից: Այն ուժերը, որոնք ընդառաջ կգան մեր ծրագրերին, մենք պատրաստ ենք այդ ուժերի հետ քննարկել կոալիցիա կազմելու հեռանկարը»: Իսկ ո՞րն է, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, իրական ընդդիմությունը՝ Նիկոլ Փաշինյանը, Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ն. «Նրանց բոլորին խառնել ու միջինը գտնել. ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, դրականը նկատող ու բացասականը սեղանին դնող ու սուր: Այդ դեպքում կունենանք ընդդիմություն, միայն հայհոյելով, երկիրը վարկաբեկելով չեմ պատկերացնում: Հեռանկարներ տեսնում եմ, որն ընդդիմությունը կմիավորվի: Կարեւոր չէ, որ այն հանդես գա մի դրոշակի տակ: Մենք միայն ուրախ կլինենք: Ես չեմ ուզում անուններ տալ՝ կարող է մեկին մոռանամ, վիրավորեմ: Մեր ընդդիմադիր դաշտում բոլորը Նապոլեոններ են, դրա համար միասնական կարծիք չկա ընտրակեղծիքների ու դրանց պայքարի մասին»: