Մենք երբեք այդպիսի բան չենք արել ու չենք էլ անելու. ՕԵԿ-ը՝ ընտրակեղծիքների մասին (տեսանյութ)
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը ԱԺ ճեպազրույցներին հայտարարեց, թե ընտրությունների կեղծումների դեմ քայլեր պետք է անել, պետք է պայքարեն համառորեն: Նա ընդգծեց, որ վեց ամիս առաջ՝ ID քարտերի մասին օրենքն ընդունելու ժամանակ իրենց մտահոգություններն իրականություն դարձան եւ հանրաքվեն կեղծելու հիմք եղան. «Մենք դեռ վեց ամիս առաջ խոսում էինք, որ դա կարող է լինել կրկնաընտրության հիմք, և փորձը ցույց տվեց, որ ID քարտերն իսկապես կիրառվեցին հանրաքվեի ընթացքում: Իրապես ճիշտ էինք»: Ըստ նրա՝ համապատասխան օրենքի նախագիծը առանց վերահսկողության թույլատրվեց քաղաքացիներին քվեարկել. «Մենք դեմ չենք, որ քվեարկեն, բայց վերահսկող ոչ մի մեխանիզմ չընդունվեց»: Ինչ վերաբերում է ընտրատեղամասերի հանձնաժողովներում իրենց տեղերի ծախսելու մասին լուրերին, Մհեր Շահգելդյանը հայտարարեց. «Իհարկե ոչ, մենք երբեք այդպիսի բան չենք արել ու չենք էլ անելու, դա մեզ համար անընդունելի բան է, ես չգիտեմ՝ ով է ձեզ նման բան ասել, ես դա չեմ ընկալում»: Ի դեպ, ճեպազրույցին եկավ մասնակցելու նաեւ ՀԱԿ-ը, որը բոյկոտել է ԱԺ նիստերը: