Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ եղավ, երբ Խաչատուր Սուքիասյանն աջակցեց Լևոն Տեր-Պետրոսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Vahan-Levon-nkar

«Հայաստանի առջև ծառացած 50 խնդիրների մեջ չեմ տեսնում սահմանադրությունը փոփոխելու հարցը։ Գազի, էլեկտրաէներգիայի հարցով մարդիկ դուրս են եկել, պայքարել են, բայց ես չեմ հիշում մի դեպք, երբ դուրս եկած լինեն սահմանադրությունը փոփոխելու պահանջով։ Սերժ Սարգսյանն այլ իրավահաջորդ չունի և հիմա մտածել է իշխանական լծակները պահելու ավելի կատարելագործված մի մեխանիզմ»,-այսօր ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։ «Իհարկե, թիվ մեկ խնդիրը սահմանադրական փոփոխությունները չեն, իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ»,-համաձայնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը, հավելելով, սակայն, որ իրենք չեն ելնում այն տեսանկյունից, որ եթե նախագահն է առաջադրել սահմանադրական փոփոխություններն, ուրեմն դա վատ բան է։ Նա շեշտեց, որ այս սահմանադրությամբ մի շարք խնդիրներ են լուծվում, այդ թվում՝ դատական համակարգի անկախության հարցը։ Գյումրու ավագանու անդամը հիշեց ոչ վաղ անցյալը. «2003-ին, երբ դրվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծ՝ ԱԺ ընտրությունների հետ և չանցավ և 2005-ի նախագծի ժամանակ դրա հեղինակներն ու պաշտպաններն ասում էին, որ դա բերելու է դատական համակարգի անկախացման։ Նույն այսօրվա մարդիկ դրախտ էին խոստանում։ Հիմա էլ նույն բանն է ասվում»,-հակադարձեց պարոն Բարսեղյանը։ Նա հիշեցրեց մեկ այլ դրվագ. «2008 թվականի ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանին հարեց, աջակցեց մի գործարար մարդ՝ Խաչատուր Սուքիասյանը։ Այ մարդ, մատուցողից բռնած բռնեցին, տարան, փակեցին։ Էլ ո՞ր տնտեսական ուժը կաջակցի ընդդիմադիրներին»։ Ըստ պարոն Բարսեղյանի՝ երկրում բոլոր որոշումները կայացվում են մեկ հասցեից. «Բաղրամյան 26-ի մասին է խոսքը. ով ինչպես ուզում, այնպես թելադրում է և գործադիր, և դատական իշխանությանը։ Եվ եթե պետք է լինում ՝այս կուսակցությունը վերցնում, դնում է այստեղ, պետք է լինում՝ այս կուսակցությունը քանդում, փռում է հատակին։ Տեղի են ունեցել իշխանության պարբերաբար զավթումներ։ Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ ցուցարար գնդակահարելով, զանգվածային ցույցերը ճնշելու միջոցով, քաղբանտարկյալների ահռելի քանակով է եկել իշխանության»։ ԲՀԿ ներկայացուցիչն ավելի լավատես է. «Կարծում եմ, որ մեր ապագան այդքան տրագիկ չէ։ Սահմանադրությունը չեն փոխում նրա համար, որ երշիկի գինն էժանանա։ Ընդհանրապես, դրախտ որևէ հասարակության մեջ չեն խոստանում, միայն ուտոպիստական հասարակարգերում է այդպես»։ Գյումրու ավագանու անդամն իր հերթին նշեց ընտրությունների արդար անցկացման կարևորության մասին. «Ախպեր, թող ժողովուրդն ընտրի, թող ընտրվի թեկուզ այս հեռախոսը»։ Պարոն Բարսեղյանը նաև նշեց, որ երբևէ չի ցանկանա ունենալ պետական պաշտոն. «Ինչո՞ւ»,-հետաքրքրվեց ԲՀԿ-ականը։ «Չունեմ այդ հետաքրքրությունը։ Ես ոչ իրավաբան եմ, ոչ տնտեսագետ։ Այնտեղ պետք է լինեն պրոֆեսիոնալներ. այնտեղ պետք է լինի Շմայսի պես տղա նստած, այնտեղ գեներալ Մանվելի պես տղերք պետք է լինեն»։