Նախագծից հանվել են ձերբակալում, կալանավորում եզրույթները
Արդարադատության ակադեմիայում անցկացված կլոր սեղան-քննարկմանը, որը նվիրված էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում տեղ գտած քրեական դատավարությանը վերաբերող նոր իրավակարգավորումներին, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն իր խոսքում նշեց, որ առաջարկվող փոփոխությունների անգամ հպանցիկ ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ մեր առջեւ նոր որակ ունեցող իրավական փաստաթուղթ է, որը միտված է քրեադատավարական հարաբերությունների հիմունքներն ավելի արդարացի դարձնելուն եւ քրեական դատավարության մասնակիցների բարեխղճությունը խրախուսելուն: Իսկ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ Հրայր Ղուկասյանն իր զեկույցում նշեց, որ տասը տարի առաջ այս օրը եւս սահմանադրական փոփոխություններ էին. «Այս օրը ամփոփման մի կետ է խորհրդանշական պայմաններում: Հետաքրքիր էր համընկնումը»: Նա իր զեկույցում անդրադարձավ Մարդու անձնական ազատության իրավունքի երաշխավորման նոր կառուցակարգերին: Ըստ նրա՝ նոր նախագծով փորձ է արվել ազատվել նեղ ճյուղային եզրույթներից, որոնք ոչ միանշանակ եզրահանգումների տեղիք են տվել: Պարոն Ղուկասյանի խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունների նախագծից հանվել է ձերբակալում, կալանավորում եզրույթները եւ կիրառվում է ազատազրկում եզրույթը, որն ավելի ընդհանրական է. «Հիմնական նորամուծությունն այն է, որ հստակ ամրագրված է՝ անձին ազատության իրավունքից զրկելիս պետք է ներկայացնել իրավասու մարմնին: Այստեղ կա պետության պարտականության ամրագրում՝ հանձինս իր իրավասու մարմինների. անձին քրեական պատասխանատվության հետապնդումն ի վերջո պետք է հանգեցնի դատարանի առաջ կանգնեցնելուն: Սա պետության համար պետք է լինի կարմիր լույսի պես»: