Ռուսական օդանավի կործանումը՝ ՆԱՏՕ-ի ձեռքի աշխատանք (տեսանյութ)
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ երեկ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական ՍՈՒ-24 օդանավի կործանումը շատ լավ կազմակերպված է եղել ՆԱՏՕ-ի անդամ որոշ պետությունների կողմից՝ առաջին հերթին, հատկապես ԱՄՆ-ի կողմից: Այս համատեքստում պարոն Կարապետյանը հիշեցնում է, որ մինչ այդ Թուրքիայի նախագահը շատ ակտիվ նախապատրաստական գործողությունների մեջ էր ՝ տարբեր հանդիպումներ էր ունենում: Նա նկատում է նաև՝ կատարվածից ժամեր անց Բարակ Օբաման հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Այս և մի շարք այլ հանգամանքներ համադրելով ՝ըստ պարոն Կարապետյանի , ստանում ենք կատարվածի ամբողջական պատկերը: Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ «սա հարված էր թիկունքից» և լուրջ հետևանք կթողնի ռուս-թուրքական հարաբերությունների վրա, Արամ Կարապետյանը շեշտեց, որ ռազմական լայնածավալ գործողությունների ընդդեմ Թուրքիայի Ռուսաստանը չի կիրառի: «Իմ կարծիքով՝ պատասխանը առաջին հերթին կլինի դիվանագիտական-տնտեսական դաշտում: Թուրքիան շատ լավ է հասկանում, որ այդ ակտից հետո տնտեսական ահռելի կորուստներ է ունենալու, նվազագույնը՝ 35-41 միլիարդ դոլար: Սրան կհետևեն նաև բազմաթիվ այլ կորուստներ»: Կատարվածից հետո, ամենակարևոր հարցը, սակայն, ըստ պարոն Կարապետյանի մնում է այն, թե նման ռիսկի գնալուց հետո, ի՞նչ է ստանալու Թուրքիան դրա դիմաց: Սա այն հարցն է, որ Արամ կարապետյանի դիտարկմամբ մնալու է օդում առկախված: «Թուրքիան, որ մասնակցում է այս սադրանքներին, ի՞նչ է դրա տեղը հետո ստանալու: Ես չգիտեմ: Իհարկե, ունեմ նկատառումներ, թե ինչ ակնկալիքներ ունի Թուրքիան, բայց դրանք դեռ նկատառումներ են, որոնք պահանջում են բավականաչափ լուրջ ինֆորմացիայի վրա հիմնված վերլուծություն: Մենք ունենալով ղարաբաղյան հիմնախնդիր, և շատ այլ հարցեր, կարևոր է, որ իմանանք, թե Թուրքիան իր արածի փոխարեն , ինչ է արդեն բանակցել ափից այն կողմ գտնվող երկրների հետ»: