Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացիների 55,8 տոկոսը վստահ է, որ ընտրությունները կեղծվում են. հարցում (տեսանյութ)

Քաղաքականություն
Media

«APR Group» հասարակական կազմակերպությունը օրեր առաջ Երևանում և մարզերում 1300 բնակիչների շրջանում հարցում է իրականացրել՝ պարզելու տնտեսական և սահմանադրությանը վերաբերող հարցերում ժողովրդի տեսակետը։ Ըստ այդմ՝ երկրի ամենահրատապ լուծում պահանջող հարցերի եռյակում տնտեսության զարգացման ցածր մակարդակն է, արտագաղթը և հաճախակի իրականացվող թանկացումները։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա այս գործընթացին տեղյակ է քաղաքացիների 80 տոկոսը, 20-ը՝ ոչ։ Հարցվածների 75 տոկոսն էլ հստակ նշել է հանրաքվեի ճիշտ օրը՝ դեկտեմբերի 6։ «Ըստ մեր հարցման՝ մարդկանց 64,4 տոկոսը կմասնակցի քվեարկությանը, 31,3-ը՝ ոչ, մնացածը՝ դեռ չեն կողմնորոշվել»,-նշեց «APR Group» ՀԿ սոցիոլոգ Լիանա Բալյանը։ Եթե հանրաքվեն առաջիկա կիրակի լիներ, ինչպե՞ս կքվեարկեին քաղաքացիները. «35,8 տոկոսը նշել է, որ կողմ քվեարկի, դեմ՝ 31,8-ը։ 12 տոկոսից ավելին ասել է, որ քվեաթերթիկն անվավեր կդարձնի։ Իսկ մնացած մասը դեռ այս հարցում չեն կողմնորոշվել։ Բայց հետաքրքիր է, որ մարդկանց 71,1 տոկոսը վստահ է, որ սահմանադրության փոփոխությունը կընդունվի»,-ասաց «APR Group» ՀԿ նախագահ Ռուբեն Սարգսյանը։ Այս համատեքստում հատկանշական է, որ հարցվածների մեծ մասը չի վստահում ընտրական գործընթացին. «55,8 տոկոսը նշել է, որ ընտրություններն ամբողջովին կեղծվում են։ Մի փոքր մասը վստահում է արդար ընտրությունների անցկացմանը, մյուսներն էլ՝ անտարբեր են»,-հայտնեց պարոն Սարգսյանը։