«Այն, ինչ նախաձեռնում եք, խայտառակ բան է». Ջհանգիրյան (տեսանյութ)
ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց նաեւ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այն ներկայացրեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: Նախագիծը վերաբերում է գրավադրմանը, երբ քաղաքացին միտումնավոր փչացնում է գրավադրված գույքը, նրան պատասխանատվության ենթարկել, ինչպես նաեւ՝ նախագծով առաջարկվում է փոփոխել ծանուցման համակարգը: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նկատեց՝ եթե մարդն ի սկզբանե մտահղացել է, որ գրավի առարկա հանդիսացող գույքը պիտի իրացվի, ոչնչացվի, տեղափոխվի այլ երկիր, մասնատի, ծախի, վաճառի, ապա նա կատարում է խարդախություն, ոչ թե ուրիշի գույքի դիտավորյալ վնասում: Ինչ վերաբերում է ծանուցման նոր համակարգին, ապա նա նշեց. «Շատ լավ հասկանում եք, որ մարդիկ այսօր լավ օրից չէ, որ գնում, վարկային պայմանագիր են կնքում, եւ նա ամեն ծանուցման էլ համաձայն է լինելու, սակայն հետո ստիպված է լինում դատարանում վիճարկելու»: Ներսես Երիցյանը վստահեցրեց՝ իրավապահ մարմինների հետ խորհրդակցելուց հետո եկել են այն եզրակացության, որ դա հանրորեն վտանգավոր երեւույթ է: Ինչ վերաբերում է ծանուցմանը, ապա պարոն Երիցյանը նշեց, որ քաղաքացիները բոլոր տարբերակներով ցանկանում են ծանուցվել ու պոզիտիվ պետք է նայել այս հարցին. «Մենք անգամ ազատականացրել ենք այս համակարգը ու հեշտացնում ենք մարդկանց կյանքը»: Ի պատասխան Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ պարոն Երիցյանն իրեն չհամոզեց. «Այն, ինչ նախաձեռնում եք, խայտառակ բան է. այն իր հետեւից կարող է բերել շատ ծանր իրավիճակի: Եթե այս նախագիծն ընդունենք, ապա մեր դատարանները 1/3-ով հեղեղվելու են նոր մեղադրանքներով»: «Իմ խոսքը վերաբերում էր դիտավորությամբ այդ գրավի առարկան ոչնչացնելուն: Օրինակ՝ սարքավորումն արժեն 100 մլն դրամ, սակայն մի փոքր դետալ հանում են միջից ու այն դառնում է մետաղի ջարդոն: Բանկերն այդ քայլին դիմում են, երբ սպառել են բոլոր հնարավորությունները»,- պատասխանեց Ներսես Երիցյանը: