Քարոզարշավի պրիմիտիվ հիմնավորումներից մարդու սիրտ է խառնում. Ռուբեն Բաբայան
Երեւանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ավելի կողմնակից է կառավարման խորհրդարանական համակարգին, բայց գտնում է, որ սահմանադրական փոփոխություններն ավելի լուրջ եւ երկար պետք է քննարկվեն՝ նախքան հանրաքվեի դրվելը: «Ինքս ավելի կողմնակից եմ խորհրդարանական հանրապետությանը, եւ ոչ այն բանի համար, որ այն ավելի ժողովրդավարական է, երկուսն էլ ժողովրդավարական են, այլ այն, որ որոշակի կարծրատիպեր կան ժողովրդի մոտ, որոնք պետք է կոտրել: Դրանցից մեկը եւ, ըստ իս, ամենավտանգավորը, բարի թագավորի սպասումով ապրելն է, եւ երբ այդ բարի թագավորը չի կարող գալ, նրան սկսում են ման գալ ուրիշ երկրներում»,- «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա: «Անկախ նրանից, կընդունվի այս Սահմանադրությունը, չի ընդունվի, ամենակարեւորը Սահմանադրության կետերը կատարելն է: Կարծում եմ՝ ոչ մի մեծ ողբերգություն չկա ոչ «այո»- ի, ոչ էլ՝ «ոչ»-ի մեջ: Իրականում չափազանցված են երկու կողմից էլ ներկայացված վտանգները: Սահմանադրության մեջ, եւ այսօրվա գործող, եւ նոր նախագծի, կա մարդու իրավունքների վերաբերյալ շատ մեծ բաժին, եւ եթե մենք փորձենք կատարել բոլոր կետերը, հավատացեք, մեզ մոտ ամեն ինչ կլինի շատ ճիշտ եւ լավ»,-համոզված է Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով՝ Սահմանադրության քննարկումը չպետք է դառնա իշխանական եւ հակաիշխանական ուժերի բախում: «Սահմանադրությունը չի կարող լինել կուսակցական շահագրգռվածության օբյեկտ: Սահմանադրությունն առաջին հերթին համաժողովրդական փաստաթուղթ է եւ, որպեսզի այն քննարկվի եւ ընդունվի, պետք է շատ կարեւոր մի բան՝ վստահություն, որն այսօր չկա: Ընդ որում՝ ես չեմ ասի, որ վստահություն չկա միայն իշխանության հանդեպ: Սա ընդհանուր ցավ է, թող ոչ ոք իրեն չառանձնացնի: Վստահության պակասի եւ թշնամության մթնոլորտը մեզ մոտ համընդհանուր է՝ առանց կուսակցական պատկանելության: Միակ բանը, որը երեւի միավորում է ընդդիմությանը եւ իշխանությանը, վստահության պակասն է եւ իրար հանդեպ ատելությունը: Կարծում եմ՝ նման պարագայում այնքան էլ ճիշտ չէ նման փաստաթուղթը դնել քվեարկության: Այն ավելի մեծ, երկար քննարկման ժամանակ է պահանջում: Ընդհանրապես, սովորաբար մոտ մեկ տարի գնում է քննարկումը շատ լուրջ, կետ առ կետ»,-ասաց Բաբայանը՝ հավելելով, որ երբեմն հետեւում է «Այո»- ի եւ «Ոչ»-ի ճակատների քննարկումներին: «Ինչպես «այո»-ի, այնպես էլ «ոչ»-ի այդ մակերեսային, պրիմիտիվ հիմնավորումներից մարդու սիրտ է խառնում: Ես կուզենայի ուրիշ մակարդակի լիներ այդ քննարկումը: Կլինի նոր Սահմանադրության, թե հին, ինձ համար հասարակության զարգացման ջրբաժանն այդտեղով չի անցնում, այլ Հայաստանի՝ ինքնիշխան պետություն լինելու եւ յուրաքանչյուր քաղաքացու՝ իրեն երկրի տեր զգալու մեջ: Իսկ ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմության մեծ մասը միաձայն քվեարկեց այդ ինքնիշխանության որոշակի նվազման, եթե չասեմ կորստի օգտին»: