ՀՀԿ-ականը չի բացառում, որ սահմանադրական փոփոխությունների կարիք նորից կլինի (տեսանյութ)
Նոյեմբերի 27-ին ԱԻՄ-ը դարձյալ ցույց կանի՝ բողոքելով սահմանադրական փոփոխությունների գործընթացի դեմ։ «Եթե գործող սահմանադրությունը խախտելով գնում ես անգամ ամենադրական փոփոխությունների, դա պետք է մերժվի։ Եթե տեղի ունենա դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, մեր քաղաքական կյանքում մեծ խայտառակություն կլինի»,-այսօր ասաց կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։ Նա նաև հիշեց անցյալն ու ընդգծեց, որ 1998-ին սահմանադրական բարեփոխումների նախաձեռնողն ինքն է եղել. «Եվ ինձնից էր կախված՝ ով կլիներ նախագահ. Ռոբերտ Քոչարյանը, թե Կարեն Դեմիրճյանը։ Ինձ բացահայտ ասում էին՝ ում կաջակցեք, նա կդառնա նախագահ։ Ինձ միայն այդ ծրագիրն էր անհանգստացնում, և այդ նախագիծն ընդունեց Ռոբերտ Քոչարյանը»։ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը վստահեցրեց, թե սահմանադրական այս փոփոխությունները դրական շատ երևույթների կբերեն։ Սակայն նաև անկեղծորեն շեշտեց. «Չի բացառվում, որ կանցնի ժամանակ և նորից փոփոխություններ անելու անհրաժեշտություն առաջանա։ Խորհրդարանն արդեն կարող է որոշ դրույթներ փոփոխել օրինակ»։ Արդյո՞ք խորհրդարանական կառավարմանն անցնելը Հանրապետական կուսակցության համար սկզբունքային հարց է. «Ես ՀՀԿ-ում այն պաշտոնատար անձանց թվին չեմ պատկանում, ով իրավասու է խոսել կուսակցության անունից։ Ինձ համար՝ որպես Արտակ Դավթյան, սկզբունքային է, թե որ համակարգը կարող է ավելի լավ ժողովրդավարություն ապահովել։ Այս առումով ինձ համար օրինակելի երկիր Իսրայելն է»։