Նոր Սահմանադրությունից հանվել է անձի իրավունքը՝ ապրել առողջ շրջակա միջավայրում (տեսանյութ)
Բնապահպան Կարինե Դանիելյանը դեռ չի կողմնորոշվել է՝ դե՞մ է, թե՞ կողմ Սահմանադրության նոր նախագծին, քանի որ եւ’ դրական բաներ է տեսնել փոփոխություններում, եւ’ բացասական. «Դրականն այն է, որ այն դիտողությունները, որոնք մենք հանրության անունից ներկայացրել ենք, հաշվի են առնվել, բայց կան մտահոգիչ բաներ: Օրինակ՝ Սահմանադրության 10-րդ կետը, որը նոր նախագծում դարձել է 11-րդ, վերաբերում է շրջակա միջավայրին: Եթե ներկայիս Սահմանադրության մեջ ամրագրված է, որ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի մաքրությունը, ապա նոր փաստաթղթում պետությունը միայն խթանում է: Այդ պարտավորությունը դրված է քաղաքացիների վրա»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: Սրան ի պատասխան՝ ասուլիսին ներկա ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն ասաց. «Խթանումն իր մեջ պարունակում է եւ’ ապահովում, եւ’ նախաձեռնողականություն: Ես այդպես եմ հասկանում: Իրավական առումով խթանումն ավելի վատը չէ, քան ապահովումը»: Այսքանով, սակայն, Կարինե Դանիելյանի մտահոգությունները չեն սահմանափակվում: Ըստ նրա՝ նոր Սահմանադրությունից հանվել է 33.2 կետը: «Այդ կետը հաստատում է անձի իրավունքը՝ ապրել առողջ շրջակա միջավայրում եւ ստանալ բնապահպանական տեղեկատվություն: Այժմ քաղաքացիները չեն կարող դիմել դատարան, եթե իրենց այդ իրավունքը խախտվի»: Բնապահպանը Սահմանադրության նոր փաստաթղթից առանձնացրեց նաեւ երեխայի իրավունքների, հանդուրժողականության վերաբերյալ դրույթները, որոնք վերցված են Արեւմուտքից. «Կրոնական կազմակերպություններին տրվող ազատությունը, որը տոլեռանտության նշան է, ազգը քանդելու ամենալավ միջոցն է»,-ասաց նա: ՀՀԿ-ականը, սակայն, մտահոգիչ բան չի տեսնում այդ դրույթներում. «Սահմանադրությունը կարող է հնարավորություն տալ այդ արժեքների համար, սակայն մեր ազգն այնքան պահպանողական է եւ ավանդապահ, որ դժվար թե հետեւի դրանց: Եղած իրավունքն էլ մեր ընտանիքներում չի կիրառվում, որովհետեւ երբեմն ընտանիքը եւ օրենքները հակասության մեջ են մտնում»: